Բաժին. Տնտեսական

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 68%-ով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների տվյալները:

Փոխնախարարի խոսքով` այս պահի դրությամբ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն և 216 800 տոննա խաղող, որը համապատասխանաբար 16.2 հազար տոննայով (34%-ով) և 32.7 տոննայով (17.8%-ով) ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը կազմել է շուրջ 70 200 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը գերազանցում է ավելի քան 28 հազար տոննայով կամ շուրջ 68 տոկոսով:

Մակարյանը հավելել է, որ այս տարի հայկական գյուղմթերքի մոտ 84 տոկոսն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:
Անդրադառնալով մթերումների խնդիրներին` նա հատկապես կարևորել է պայմանագրային հարաբերությունների խորացումը գյուղացիական տնտեսությունների և վերամշակողների միջև, ինչը թույլ կտա մթերումների գործընթացն առավել սահուն կազմակերպել և խուսափել մի շարք խնդիրներից:

Մակարյանը նշել է, որ 2015 թվականին պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել են թվով 13433 պայմանագիր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 11 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար, բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն:

Փոխնախարարի խոսքով` այս պահին հիմնական խնդիրը խաղողի մթերումների դիմաց վճարումների իրականացման հարցն է, որը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և կառավարությունը մատչելի տոկոսադրույքով վարկեր է տրամադրում ֆինանսական խնդիրներ ունեցող ընկերություններին` մթերումների դիմաց գյուղացիական տնտեսությունների վճարումներն իրականացնելու նպատակով:

Փոխնախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպմանը` նշելով, որ այս տարի մայրաքաղաքում անց է կացվել թվով 83 տոնավաճառ և արձանագրել է 10 800 մասնակցություն:

Share