Բաժին. Տնտեսական

$44 միլիարդանոց բախում. Որքա՞ն է գնահատվում Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը

Սիրիայում, Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու ռուսական ՍՈՒ-24 օդանավի կործանումը վտանգի տակ է դրել Ռուսաստանի և Թուրքիայի առևտրատնտեսական հարաբերությունները: Ռուսական РБК լրատվական գործակալությունը հաշվարկել է, թե որքան է կազմում վտանգը:

Շատ վերլուծաբանների գնահատմամբ՝ այս կոնֆլիկտը կարող է ոչ միայն վտանգի տակ դնել ռուս-թուրքական առևտրային հարաբերությունները, այլև չի բացառվում, որ կարող են խզվել ցանկացած բնույթի տնտեսական կապերը: Հարվածի տակ, անկասկած, հայտնվել է առաջին հերթին տուրիստական ոլորտը: Ռուսական պետական մի քանի կառույցներ արդեն հանդես են եկել հայտարարություններով՝ ռուս տուրիստներին խորհուրդ տալով խուսափել Թուրքիա մեկնելուց: Թե ինչ այլ ուղղություններով կարող են կիառվել սահմանափակումներ, դեռևս հայտնի չէ, սակայն շատ վերլուծաբաններ վստահ են, որ այլ քայլեր ևս կձեռնարկվեն:

Թուրքիան Ռուսաստանի 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Չինաստանից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Իտալիայից հետո: Թուրքիային բաժին է ընկնում Ռուսաստանի արտաքին առևտրի 4.6%-ը: Այս երկրների առևտրի շրջանառությունը գնահատվում է տարեկան ավելի քան 30 մլրդ ԱՄՆ դոլար: Փոխադարձ կուտակված ներդրումները գնահատվում են ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական կառույցները հանդես էին եկել կանխատեսումներով, որոնց համաձայն ռուս-թուրքական առևտրի շրջանառությունը շարունակ աճելու է և արդեն 2023 թվականին գերազանցելու է 100 մլրդ ԱՄՆ դոլարը: Ավելին՝ խոսվում էր առաջիկա տարիներին ազատ առևտրի հաստատման մասին:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան սերտ կապված են նաև էներգետիկայի ոլորտում և ունեն փոխկապակցված հետաքրքրություններ: Թուրքական շուկան «Գազպրոմ»-ի համար մեծ նշանակություն ունի, իսկ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Թուրքիայի համար առաջնային է: Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայում սպառվող գազի 60%-ը:

Ինչ վերաբերում է տուրիստական ոլորտին, ապա այն ևս վտանգի տակ է: 2014 թվականին ռուս տուրիստները Թուրքիայում ծախսել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Վտանգի տակ է նաև ֆինանսական համագործակցությունը: 2012 թվականին ռուսական «Սբերբանկը» (Сбербанк) գնել էր թուրքական DenizBank-ը, որն այսօր համարվում է Թուրքիայի ֆինանսական շուկայի խոշոր խաղացողներից մեկը:

Համադրելով բոլոր վտանգներն ու գնահատելով ռիսկերը՝ վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ ռուս-թուրքական հարաբերություններին ուղղված հարվածը կազմում է 44 մլրդ ԱՄՆ դոլար:

Share