Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկը ներկայացրել է նոր 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի նմուշը

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից՝ 1000 դրամ անվանական արժեքով 2015 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երևում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և լուսընդդեմ դիտելիս երևում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը և բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը և մոխրագույնը:

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում Եղիշե Չարենցի դիմանկարն է: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպված է «Եղիշե Չարենց 1897-1937», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Եղիշե Չարենցի աջ կիսադեմը, դրամի խորհրդանշանը, մի զարդանախշ ու «1000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց։ Այս պատկերների միջև երևում է «1000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ)։ Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «1000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները։ Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «1000» թիվը։ Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը): Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «1000» թվի թաքնված պատկերը, որը հայտնվում է թղթադրամն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս՝ դիտման անկյան փոփոխության դեպքում:

Թղթադրամի վերին մասում խորը տպագրությամբ տպված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Դիմանկարի աջ մասում տպված է Ե. Չարենցի բանաստեղծության «Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում…» բառերը՝ երկու տողով, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում՝ խորը տպագրությամբ, որից աջ նշված է անվանական արժեքը թվերով՝ նույնպես խորը տպագրությամբ:

Անվանական արժեքից անմիջապես վերև գտնվում է գրչածայրի պատկերը և գրված է թողարկման տարեթիվը՝ «2015», իսկ աջ եզրին ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ, վերևի կենտրոնական մասում, առկա է մի զարդանախշ, որը լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում է դարձերեսի նույն զարդանախշին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Զարդանախշի եզրով տպված են մանրատառաշարով «1000 AMD» թվերը և տառերը։ Զարդանախշից դեպի աջ սև գույնով հորիզոնական տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը): Տկարատեսների համար վերին աջ անկյունում կա շոշափելի մեկ թեք գիծ և մեկ կետ:

Դարձերես

Հիմնական մոտիվը ներկայացնում է հին Երևանից մի պատկեր՝ երկհարկանի շենքի առջևում կանգնած երկձի կառք: Պատկերի վերին մասում տպված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ավելի վերև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում տպված է «1000» թիվը: Թղթադրամի անվանական արժեքը տառերով տպված է ներքևի կենտրոնական մասում: Դրանից ձախ թղթադրամի անվանական արժեքը՝ «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով` բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով: Վերջինիս ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®)։ Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց տպված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»։ Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «1000» թիվը և դրամի խորհրդանշանը։ Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով։

1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի և 2015 թվականի նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները

2015 թվականի նմուշի վրա փոփոխության են ենթարկվել որոշ տարրեր, որոնց նկարագրությունը բերվում է ստորև։

Դիմերես

– Փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

– Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2011» թիվը փոխարինվել է «2015» թվով։

– Թղթադրամի սերիան բաղկացած է «ԱԲ» տառերից՝ «ԱԱ»-ի փոխարեն։

Share