Բաժին. Տնտեսական

Քննարկվել են զբոսաշրջության բնագավառում հայ-չինական համագործակցության նոր հնարավորությունները

Նոյեմբերի 24-28-ը Հայաստանում էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի և չինական զբոսաշրջային օպերատորների  ներկայացուցիչները` թվով 11 հոգի:

Այցի շրջանակներում չինացի զբոսաշրջային օպերատորների համար կազմակերպվել են այցելություններ ՀՀ մարզեր, ներկայացվել է հայկական զբոսաշրջային արդյունքը: Մասնավորապես, հյուրերը եղել են ՀՀ Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ծանոթացել տեղի զբոսաշրջային հնարավորություններին, այցելել Գեղարդ, Գառնի, Դիլիջան, Սևան, Ջերմուկ, Արենի, Գեղարդավանք, Սևանավանք, Նորավանք, Վարդենյանց լեռնանցք և այլն:    

Նոյեմբերի 27-ին Երևանում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության  և չինական զբոսաշրջային օպերատորների  ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել է աշխատանքային խորհրդաժողով:

Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել և անհրաժեշտ պարզաբանումներ տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական hարցերով հյուպատոս Վան Շիցայը:

Չինացի զբոսաշրջային օպերատորները կիսվել են իրենց տպավորություններով և առաջարկություններ ներկայացրել զբոսաշրջության բնագավառում հայ-չինական հետագա համագործակցության վերաբերյալ:

Հյուրերն այցելել են նաև Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մերգերյան գորգերի գործարան, Երևանի կոնյակի գործարան:

Այցը կազմակերպվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պետական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 120-Ն որոշմամբ հաստատված  «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագրի շրջանակներում:

Share