Բաժին. Տնտեսական

Վիլնյուսում լիտվական Global BOD Group և հայկական Simartek ընկերությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր

Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 26-27-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելել է լիտվական Global BOD Group ընկերություն:

Global BOD Group-ը հայտնի է ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում իր հետազոտություններով: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են գիտական նորամուծությունները և արևային մարտկոցների ու բարձր արդյունավետությամբ վահանակների արտադրությունը: Global BOD Group-ի կազմում գործող Solitek ընկերությունն աշխարհում ապակի/ապակի տեխնոլոգիայով արևային վահանակներ արտադրող առաջին ընկերություններից մեկն է: Ընկերության արտադրության հզորությունը կազմում է տարեկան 70 մՎտ:

Global BOD Group ընկերության հիմնադիր և նախագահ Վիդմանտաս Յանուլևիչուսը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին և պատվիրակության անդամներին մանրամասն ծանոթացրել է ընկերության ստեղծման պատմությանը, տեխնոլոգիական ընթացքի նրբություններին և արտադրության ընդլայնման ծրագրերին:

2015 թվականի մարտին Վիդմանտաս Յանուլևիչուսը լիտվացի գործարարների պատվիրակության կազմում այցելել է Հայաստանի Հանրապետություն և ծանոթացել Siemens ընկերության արտոնագրված գործընկեր, հայկական Simartek ընկերության գործունեությանը: Ընկերությունն արտադրում է ցածր և միջին լարման էլեկտրասարքավորումներ:

Ընկերությունները երկուստեք հետաքրքրվածություն են ցուցաբերել համագործակցելու վերականգնվող էներգետիկայի բնագավառում ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի հարևան երկրներում և հիմնելու ապակի/ապակի տեխնոլոգիայով արևային վահանակների համատեղ արտադրություն: 2015 թվականի մարտից ընկերությունները ինտենսիվ աշխատանք են իրականացրել և բանակցություններ վարել սարքավորումներ մատակարարող եվրոպացի գործընկերների հետ, մշակել արտադրության ծրագրեր և նախագծեր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության այցն ավարտվել է լիտվական Global BOD Group և հայկական Simartek ընկերությունների միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությամբ:

Փաստաթղթում ամրագրված են արևային էներգիայի աղբյուրների ժամանակակից արտադրության ոլորտում երկու ընկերությունների համագործակցության հիմնական դրույթները: Փաստաթուղթը ստորագրել են Global BOD Group-ի կողմից` Վիդմանտաս Յանուլևիչուսը, իսկ Simartek-ի կողմից` Նորայր Խաչատրյանը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է ընկերությունների ներկայացուցիչներին փաստաթղթի ստորագրման առիթով, մաղթել հաջողություններ համատեղ գործունեության մեջ և պատրաստակամություն հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Global BOD Group ընկերություն կատարած այցելության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ուղեկցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Share