Բաժին. Տնտեսական

Ռուսական սանկցիաներ. ի՞նչ կկորցնի Թուրքիան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որը նախատեսում է հատուկ տնտեսական սահմանափակումների կիրառում Թուրքիայի նկատմամբ: Մասնավորապես, նախատեսվում է արգելել կամ մասնակիորեն սահմանափակել Ռուսաստանի տարածք առանձին ապրանքատեսակների ներմուծումը, որոնց ծագման երկիրը Թուրքիան է: Սա հիմնականում վերբերում է գյուղատնտեսական արտադրանքին, մասնավորապես՝ միգի և բանջարեղենի ապրանքախմբերին:

Բացի այդ, արգելվելու կամ մասնակիորեն սահմանափակվելու է նաև Թուրքիայի իրավասության տակ  գտնվող կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում:

2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի տարածքում գործատուներին արգելվելու է աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականի առաջին ինն ամսում Ռուսաստանից Թուրքիա արտահանումը կազմել է մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար կամ Ռուսաստանի ընդհանուր արտահանման ծավալի 5.7%-ը: Արտահանվել է հիմնականում գազ, նավթ, հումքային արտադրանք, մետաղներ:

Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար կամ Ռուսաստանի ներմուծման ծավալի 2.3%-ը: Ներմուծման ծավալում առավելապես գերակշռել են բուսական ծագման ապրանքները:

Արդյունքում, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստան-Թուրքիա առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 18 մլրդ ԱՄՆ դոլար:

Share