Բաժին. Տնտեսական

Գլենդելում բացվել է հայկական կապիտալով բանկ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բացվել է հայկական կապիտալով բանկ՝ «Գոլդն Սթեյթ»:  Այն ԱՄՆ-ում առաջին բանկն է, որի բաժնետերերի և ղեկավար խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայեր են: «Գոլդն Սթեյթ» բանկի գլխամասի պաշտոնական բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին:

Ինչպես տեղեկացրել են բանկի ներկայացուցիչները՝ «Գոլդն Սթեյթ» բանկը համայնքային բանկ է, որ ծառայություններ է մատուցելու տարբեր ընկերությունների: Բանկն ունի 125 մլն ԱՄՆ դոլարի ակտիվներ:

«Մենք տրամադրում ենք վարկեր սկսած 500 հազար դոլարից մինչև 5 միլիոն դոլար, հնարավոր է նաև ավելի մեծ գումար տրամադրենք գործընկերային բանկերի հետ համատեղ: Ներգրավում ենք նաև ավանդներ և վճարում ենք ավելի մեծ տոկոսադրույք, քան մեծ բանկերը: Միակ ոլորտը, որ բանկը չի սպասարկում, դա անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկավորում կամ հիպոթեքային վարկեր»,  – նշել է բանկի ղեկավար խորհրդի նախագահ, բաժնետեր Ռոբերտ Սեդրակյանը:

«Գոլդն Սթեյթ» բանկի առավելություններից է հայ ղեկավարների ակտիվ ներկայությունն այս բանկում: «Բանկի ղեկավարող խորհրդի 11 անդամների մեծամասնությունը հայեր են, և ինչպես մեր համայնքը՝ ներգաղթած տարբեր երկրներից: Մենք քաջատեղյակ ենք մեր համայնքի մշակութային առանձնահատկություններին և անձամբ ճանաչում ենք գործող բիզեսներին և կազմակերպություններին: Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ծառայություններ առաջարկելուց հաշվի առնել բոլոր հնարավոր պահանջները և լավագոյն մոտեցում ցուցաբերել: Մենք ավելի լավ կհասկանանք մեր հայ հաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, և սա մեր առավելությունն է», – նշել է «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանը:

Share