Բաժին. Տնտեսական

Մեր երկրում ամենապահանջվածը ֆինանսական ծառայություններն են

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են 960 մլրդ 82.0 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2.8%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայություններն ու տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները: Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 225 մլրդ 366.7 մլն ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 9.1%-ով: Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցվել են 178 մլրդ 899.0 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 2.5%-ով:  

Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 23.5%, իսկ տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններին՝ 18.6%:

Share