Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է ԵՆԲ նախագահի հետ

Դեկտեմբերի 7-ին Լուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԵՆԲ Հարևանության երկրներում վարկային գործողություններիրի դեպարտամենտի տնօրեն Հեյնց Օլբերսը, վարկային գործակալ Վիոլայն Սիլվեստրան, նախագահի խորհրդական Ալեքսանդրա Կոստանտինեսկոն և Եվրամիությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։

ԵՆԲ նախագահն ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ-ի մասնակցության նշանակալի առաջընթացը։

Խոսելով Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, Վերներ Հոյերն այս առումով կարևորել է Հայաստանը որպես համագործակցության հարթակ` ԵՆԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման համար։ Քննարկվել է նաև Հայաստանի` որպես ԵԱՏՄ շրջանակներում համագործակզության հարթակի, հմարավորությունների ձևաչափը։

Վերներ Հոյերն անդրադարձել է ԵՄ-Չինաստան համագործակցությանը և այս համատեքստում Մեծ մետաքսի ճանապարհ ծրագրում Հայաստանի ներգրավվածության և համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Ի պատասխան Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը ներգրավված Է պատմական մետաքսի ճանապարհ ծրագրում և պատրաստ Է քննարկել հնարավոր առաջարկները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, կարևորելով Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ կարելի է խորացնել համագործակցությունը՝  ներգրավելով ԵՆԲ-ին ՓՄՁ աջակցության  և ոլորտային ծրագրերում։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստանում գինեգործության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով ԵՆԲ փորձը Մոլդովայում։ ԵՆԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է ՓՄՁ զարգացմանն ուղղված ԱՊԵՔՍ վարկային ծրագրի իրականացումը Հայաստանում և վերահաստատել ԵՆԲ-ի պատրստակամությունը ծրագրի արդյունավետ իրականացման հարցում։

Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի բնագավառում ԵՆԲ կողմից Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է Վերներ Հոյերին, որ վերջերս Լիտվա կատարած այցի շրջանակում այցելել է արևային մարտկոցների ու բարձր արդյունավետությամբ վահանակների արտադրությամբ աշխարհում հայտնի Global BOD Group ընկերություն, որի հետ հայկական Simartek ընկերությունը ստորագրել է արևային էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր։ ԵՆԲ նախագահը նշել է, որ բանկը հետաքրքրված է այդ բնագավառում ծրագրերի իրականացմամբ: Կողմերը պայմանավորվել են քննարկել բանկի մասնակցության հնարավորությունները նշված համագործակցության մեջ։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև հետևյալ համաձայնությունները.

– ԵՆԲ օժանդակությամբ Հայաստանում իրականացնել գինեգործության զարգացման ծրագիր՝ օժանդակելով մասնավոր հատվածին:
– Քննարկել ՓՄՁ աջակցությանն ուղղված համապատասխան  ծրագրերի իրականացումը՝ ներգրավելով ՓՄՁ ԶԱԿ-ը:
– 2016 թվականի գարնանը Հայաստանում անցկացնել սեմինար՝ նվիրված ԵՆԲ գործիքներին և ԵՆԲ ներգրավվածության բարձրացմանը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես նաև մասնավար հատվածում իրականացվող ծրագրերում։

Share