Բաժին. Տնտեսական

ԱԶԲ-ն, IDeA հիմնադրամն ու «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրը Գյումրիի զարգացման ֆորում կազմակերպեցին

Գյումրի, Հայաստան (9 դեկտեմբերի, 2015թ.) – Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելությունը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագրի հետ համատեղ, Գյումրիում անցկացրեց ֆորում՝ քաղաքի ներկայիս վիճակի և հետագա զարգացման գործողությունների ծրագրերի վերաբերյալ: 

Գյումրիի զարգացման ֆորումը տեղի ունեցավ ս.թ. դեկտեմբերի 8-ին` «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ»-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զարգացման ծրագրերում ներգրավված տեղական և միջազգային փորձագետներ, հասարակական ու միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցերի ներկայացուցիչներ՝ քննարկելու Գյումրիի տնտեսական, սոցիալական և բիզնես միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առաջարկելու լուծումներ, որոնք կնպաստեն քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը:

ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանի գլխավոր քաղաքների, այդ թվում՝ Գյումրիի զարգացմանը` ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Որպես երկրի ենթակառուցվածքային, զբոսաշրջության, կրթության զարգացման և երկրի դիրքերի բարելավման հարցում շահագրգռված կառույց՝ IDeA հիմնադրամը համագործակցում է ԱԶԲ-ի հետ: «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրը ներկայումս մշակում է գործողությունների ծրագիր՝ միտված գալիք տասնամյակում քաղաքի վերակառուցմանը:
Ֆորումը կոչված է խթանելու գործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի միջև՝ Գյումրիի վերակառուցմանն ու զարգացմանը նպաստելու համար:

«Մենք սերտորեն համագործակցել ենք IDeA հիմնադրամի, «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագրի և Գյումրիի քաղաքապետարանի հետ Գյումրիի զարգացման առաջին ֆորումը կազմակերպելու համար, ինչը նպատակ ունի միավորել քաղաքի զարգացմանն ուղղված բազմակողմ ջանքերը»,-նշեց ԱԶԲ-ի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը: «Գյումրին բարենպաստ ռազմավարական դիրք և մեծ ներուժ ունի, սակայն վերջին տասնամյակներին լուրջ դժվարությունների միջով է անցել՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի, արդյունաբերության ու ենթակառուցվածքների անկման հետևանքով: Ներկայիս առաջնահերթությունն է աջակցել կենսունակ տնտեսության ձևավորման գործում, ինչը կնպաստի քաղաքի կայուն զարգացմանն ու բնակչության բարեկեցությանը»:

«Ուրախ ենք, որ աջակցում ենք Գյումրիի զարգացման առաջին ֆորումի կայացմանը: IDeA  հիմնադրամն ու «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրը պատրաստակամություն են հայտնել գործակցության ցանցի ու համապատասխան փորձի փոխանակում ապահովել: Ուրախ ենք տեսնել, որ արդյունքում «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրը և  ԱԶԲ-ն համագործակցում են այս միջոցառման կազմակերպման շրջանակում: Լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը շոշափելի արդյունքներ կունենա ի նպաստ Գյումրիի զարգացմանը: Մենք նման բազմաոլորտ ծրագրերի իրականացման փորձ ունենք և պատրաստ ենք ներդնել ձեռքբերված գիտելիքն ու քայլեր ձեռնարկել՝ ուղղված «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագրի  հետագա աջակցմանը, ինչպես նաև ԱԶԲ-ի և այլ դոնոր կազմակերպությունների հետ հետագա համագործակցությանը»,- նշեց IDeA հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը:

« «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագրի առաքելությունն իրականացնելը  հեշտ չէ, այդ իսկ պատճառով կարևոր է ամուր կապեր ունենալ այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  հիմնադրամը, որոնք ընդհանուր տեսլական ունեն` Գյումրիի շենացումը: Համագործակցությունը մեր կազմակերպությունների միջև առանձնահատուկ կարևոր է, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, մեր նախաձեռնություններն ու ջանքերը հնարավոր չէին լինի առանց Գյումրիի բնակիչների անմիջական մասնակցության: Մենք ձեռք ձեռքի աշխատում ենք մեր բնակիչների հետ՝  ընդհանուր նպատակներին հասնելու համար. առանց նրանց այս աշխատանքն ապարդյուն կլիներ: Մեր գործընկերների հետ միասին ակնկալիքներով նայում ենք Գյումրիի ապագային»,-նշեց «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագրի գործադիր տնօրեն Շանթ Քիրմիզյանը:

Թեև երկրաշարժն ու Խորհրդային Միության փլուզումը հանգեցրին Գյումրիի ենթակառուցվածքային անկմանը, այդուհանդերձ, քաղաքն ունի հետագա զարգացման մեծ ներուժ:  Գյումրիի զարգացման ֆորումը բաց հարթակ է, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել քաղաքի շենացմանն ու կայուն զարգացմանն առնչվող առաջարկներ:

Share