Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան․ ոչ սթափ վիճակում վարելու դեպքում տուգանքը և պատասխանատվության ենթարկելը խստացնելը շատ արդար է

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի մոտ 2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանրապետական իրավասու գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Այս հանձնարարականների կատարման համար ՀՀ վարչապետի կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաև օրենսդրական փաթեթի երրորդ կարևոր շեշտադրումը. «2014թ. դեկտեմբերին ընդունեցինք օրենք, որով 6 ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն տվեցինք, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարն՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Մեր շատ քաղաքացիներ օբյեկտիվ պատճառներով պարզապես հնարավորություն չէին ունեցել կատարելու այդ վճարումները: Այդ իսկ պատճառով մենք համաներման ժամկետն այս պահին երկարաձգում ենք ևս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը»: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: «Մենք բարձրացնում ենք պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,-նշել է նախարարը: Կարևորելով ներկայացված օրենսդրական փաթեթը Հովիկ Աբրահամյանը նշել է, որ աշխատանքային խումբը շատ օբյետիվ, անաչառ առաջարկություններ է ներկայացրել. «Իրոք, ոչ սթափ վիճակում վարելու դեպքում տուգանքը և պատասխանատվության ենթարկելը խստացնելը շատ արդար է»: Վարաչպետն առաջարկել է օրենսդրական փաթեթն ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում, որպեսզի մինչև տարեվերջ օրենքն ընդունվի և քաղաքացիները կարողանան օգտվել դրական փոփոխություններից:

Share