Բաժին. Տնտեսական

Բրյուսելում կայացել է Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը Էլժբետա Բիյանկովսկայի հետ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի անդամ, Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբետա Բիյանկովսկայի հետ:

Հանդիպման մեկնարկին Կարեն Ճշմարիտյանը և Էլժբետա Բիյանկովսկան ստորագրել են ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME)» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը:

Հանդիպաման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԵՄ հանձնակատարը փաստել են, որ ՓՄՁ ոլորտը ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական առաջնայնություններից է և կողմերը հանձնառու են շարունակելու խորացնել և ընդլայնել այդ համագործակցության շրջանակները: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող «Փոքր բիզնես ակտի» գնահատման գործընթացի ակտիվ մասնակից է և մեծ ներդրում ունի այդ գործընթացի հաջողություններում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում իրականացվող համագործակցությանը: Կարեն Ճշմարիտյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցում է ծրագրի ներքո իրականացվող նախաձեռնություններին և միջոցառումներին, նաև ընդգծել, որ հայկական կողմը շահագրգռված է ԵՄ Արևելյան գործընկերության համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը կարևորել է Արևելյան գորրծընկերության շրջանկում գործող ՓՄՁ հարցերով պանելի հաջորդ՝ ութերորդ նիստի անցկացումը 2016 թվականին` Երևանում, և այդ կապակցությամբ հայտնել է իր գոհունակությունը: Կարեն Ճշմարիտյանը եվրոպական կողմին հրավիրել է մասնակցելու 2016 թվականին Նյու-Յորքում Հայաստանի կողմից կազմակերպվող միջազգային ներդումային համաժողովի աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ողջունել է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը և ընդգծել դրա կարևորությունը ՀՀ-ԵՄ ներկա հարաբերությունների համատեքստում:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիությունում ՀՀ պատվիրակության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Եվրամիությունում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը:

Տեղեկավություն COSME ծրագրի վերաբերյալ

«COSME»-ն ԵՄ ծրագիր է, որի նպատակն է հզորացնել ՓՄՁ-ների մրցունակությունն ու կայունությունը: Ծրագիրը նախատեսված է 2014-2020 թվականների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.3 միլիարդ եվրո:

Հայաստանը Արևելյան գործընկերության երկրորդ երկիրն է, որն անդամակցում է «COSME» ծրագրին: Մեր երկրի մասնակցությունն այս ծրագրին Հայաստանի և Եվրոպական Միության միջև խորացված տնտեսական համագործակցության շարունակական ջանքերի վկայությունն է:

Հայաստանն արդեն մասնակցում է Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցին, որը «COSME»-ի գործարկումից ի վեր համարվում է ծրագրի առանցքային բաղադրիչը: Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը և նրանց միջազգայնացմանը նպաստելն ու նրանց մուտքը դեպի ԵՄ շուկա, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներ ապահովելն է:

«COSME» ծրագիրը կաջակցի մի շարք թեմատիկ ծրագրերի, որոնք ընդգրկում են կլաստերներ, կանանց ձեռներեցությունը, նվազեցնում ԵՄ երկրներից դուրս գործող ընկերությունների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ընկերությունների վարչական բեռը:

Հայաստանը` Մոնտենեգրոյից, նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետությունից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո, 7-րդ երկիրն է, որը միանում է ծրագրին:

Share