Բաժին. Տնտեսական

Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկի 100% բաժնետոմսերը

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ, EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային Հոլդինգին (ProCredit Holding AG & Co. KGa A) պատկանող բաժնետոմսերի 100%-ի ձեռք բերման պայմանագրի ստորագրման մասին:

Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման և Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցների հաշվին։

ՎԶԵԲ-ն իրականացնում է 9,8 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով Ինեկոբանկի բաժնետոմսերի 22.7%-ը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։

«Մենք ուրախ ենք ողջունել մեր երկարաժամկետ և վստահելի գործընկեր ՎԶԵԲ-ին որպես Ինեկոբանկի բաժնետեր», – նշել է Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը՝ հավելելով, – «ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի ձեռքբերումը և կապիտալի ավելացումը մեզ հնարավորություն կընձեռեն էականորեն բարելավել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) մատուցվող ծառայությունների որակը, հիմնվելով հաճախորդների գերազանց սպասարկման՝ Ինեկոբանկի և ՊրոԿրեդիտ Բանկի միևնույն ավանդույթների վրա: ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրումը, ինչպես նաև մեր առկա բաժնետեր Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ վարկի տրամադրման տեսքով աջակցությունը վկայում են Ինեկոբանկի բիզնես մոդելի և Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ նրանց վստահության մասին»:

«ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել այս պատմական գործարքի իրականացմանը, որը կնպաստի բանկային ոլորտի կոնսոլիդացիային՝ հանդես գալով որպես հետագա միացումների կատալիզատոր: Բացի այդ, այս գործարքը ուղղակիորեն կաջակցի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեն», – ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«Փոքր և միջին բիզնեսը զբաղվածության և եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն է զարգացող աշխարհում», – ասել է IFC Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը՝ ավելացնելով, – «Աջակցելով ուժեղ հայաստանյան բանկերին՝ մենք հույս ունենք ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը հայկական տնտեսության այս կարևոր հատվածի համար և նպաստել տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը»:

ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլին նշել է. «Հայաստանում յոթ տարվա հաջող գործունեության արդյունքում մենք կարողացել ենք ձևավորել առողջ պորտֆել փոքր և միջին բիզնես ոլորտներում, ինչպես նաև հանրապետությունում լավագույն բանկային անձնակազմներից մեկը: Սակայն, մենք դեռևս չենք ապահովել շուկայում մեր նշանակալի ներկայությունը: Մեր միջազգային բաժնետեր ՊրոԿրեդիտ Հոլդինգը որոշել է, որ ՊրոԿրեդիտ Բանկի զարգացումն ավելի լավ կարող է ապահովել Ինեկոբանկի պես ուժեղ բանկը, որն իր չափսերի շնորհիվ հնարավորություն ունի առավելագույն շահավետ պայմանները ստեղծել հայկական փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար: Մենք վստահ ենք, որ սեփականության նոր կառուցվածքը գերազանց հեռանկարներ կստեղծի մեր հաճախորդների և անձնակազմի համար: Երկու բանկերի միջև պայմանագիրն արդեն ստորագրված է և գործարքը կավարտվի մոտակա 10 օրերի ընթացքում»:

Share