Բաժին. Տնտեսական

Հայաստանի տնտեսության համար շարունակում է բնութագրական մնալ դոլարիզացիայի բարձր մակարդակը

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի տնտեսության իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի 66%-ը, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսության համար շարունակում է բնութագրական մնալ դոլարիզացիայի բարձր մակարդակը:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են կուտակել արտերկրից ներգրավված միջոցներ և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Նշենք, որ երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից է նաև ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում: Հոկտեմբերին այս ցուցանիշը մեր երկրում կազմել է 74.9%:

Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում կազմել է 53.5%, ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը կազմել է 63.6%, իսկ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը՝ 52%:

Share