Բաժին. Տնտեսական

ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների մասով բանակցությունները նախատեսվում են 2016 թվականի սկզբին

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի անդամ, առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը` հատկապես ընդգծելով նաև համաձայնագրի առևտրին և ներդրումներին վերաբերող մասը:

Կարեն Ճշմարիտյանն իր խոսքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում և ուղղություններով զարգացնելու վերաբերյալ` հաշվի առնելով նաև մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Նա համոզվածություն է հայտնել առ այն, որ նոր համաձայնագիրը կամրագրի համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության ուղենիշերը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ սկսած նախորդ տարվա նոյեմբերից, արդեն իսկ բավական աշխատանքներ իրականացվել են, արդյունքում կողմերը հնարավորինս հստակեցրել են առևտրատնտեսական ապագա համագործակցության ուղղություններն ու շրջանակները: Նախարարը հավելել է, որ կատարված աշխատանքը, ինչպես նաև ունեցած երկկողմ բանակցային փորձն ու հմտությունները, հիմք են տալիս հավաստելու, որ առևտրի և ներդրումների մասով բանակցություններում արագորեն կարող են հաջողություններ գրանցվել:

ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմն իր հերթին տեղեկացրել է, որ առևտրի և ներդրումների մասով բանակցություններն ակնկալվում է սկսել 2016 թվականի սկզբին, և արդեն իսկ աշխատանքներ են տարվում բանակցային փուլերի ժամկետների, բանակցային նախնական տեքստերի ճշգրտման ուղղությամբ:

Անդրադառնալով ԵՄ «Արտոնությունների ընդլայնված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի օգտվելուն` Կարեն Ճշմարիտյանը փաստել է, որ այն հանդիսանում է Հայաստանի տնտեսության արտահանման հատվածի կարևոր բաղադրիչը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը հաջողությամբ մասնակցում է «GSP+» ռեժիմի շրջանակում իրականացվող ամենամյա մոնիտորինգի գործընթացին՝ միջազգային 27 կոնվենցիաների մասով Հայաստանում իրականացվող աշխատանքների և ՀՀ պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ:

Եվրոպական կողմը տեղեկացրել է, որ 2016 թվականի փետրվարին սպասվում է «GSP+» ռեժիմից օգտվող երկրներում մոնիտորինգի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը:

Հայաստանին ԵՄ շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հայկական կողմից այդ կարգավիճակի ստացման գործընթացի վերաբերյալ պատրաստված ամբողջական փաթեթը ներկայացվել է եվրոպական կողմին և ակնկալվում է ԵՄ համապատասխան դիրքորոշումը:

Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից նոր ավիացիոն ռազմավարության փաթեթի ընդունումը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում կմեկներկեն նաև Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարը եվրոպացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Նյու-Յորքում Հայաստանի կողմից կազմակերպվող ներդումային գործարար համաժողովին, ինչը գոհունակությամբ ընդունվել է:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիությունում  ՀՀ պատվիրակության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Եվրամիությունում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը:

Share