Բաժին. Տնտեսական

Պեկինում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական հանձնաժողովի 8-րդ նիստը

Դեկտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչները:

Նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, չինական կողմից` Չինաստանի կոմերցիայի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Լին Ձին:

Ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում, համատեղ ջանքերի շնորհիվ, կողմերին կհաջողվի հաստատել նոր կապեր և ձեռք բերել պայմանավորվածություններ տնտեսապես փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:  

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` որակի ենթակառուցվածքներին և տեխնիկական կանոնակարգմանը, գյուղատնտեսության,  էներգետիկայի, տրանսպորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Պեկին կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի նախագահի և Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի նախագահի տեղակալի հետ: Քննարկվել են զբոսաշրջության և ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել մի շարք չինական ընկերությունների ղեկավարության հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են փոխշահավետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 1999 թվականի օգոստոսի 3-ին կնքված Արձանագրության:

Համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 1999 թվականին` Երևանում:

Share