Բաժին. Տնտեսական

Հիմնանորոգվել է Աբովյան – Նոր Գեղի – Եղվարդ – Աշտարակ ճանապարհի 12կմ երկարությամբ հատվածը

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2015 թվականի մարտից մեկնարկել էին  Կոտայքի մարզի Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 12կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Երկու տարվա համար նախատեսված աշխատանքը «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունը կատարել է 7-ամսում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց հիմնանորոգված ճանապարհահատված, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Ճանապարհի վերակառուցման ընթացքում շինարարները հիմքից փոխել են ճանապարհի հողային պաստառն  ու երթևեկելի մասի պատվածքը, վերականգնվել են ջրահեռացման համակարգերն ու մայթերը: Գյուղտեխնիկայի անցումների համար ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են երկաթբետոնե սալեր: Հիմնանորոգվել է նաև Նոր Գեղիի դպրոց տանող ճանապարհը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նորոգված ճանապարհ ունենալու երազանք գյուղացիները վաղուց ունեին և այս տարի, Ամանորի նախաշեմին՝ սա իսկական նվեր էր համայնքի բնակիչներին:  «Մենք երկար ժամանակ երազում էինք, որ ճանապարհը նորոգվի, և ի վերջո դա իրագործվեց: Մենք բարձր ենք գնահատում  կատարված  աշխատանքը և Նոր Գեղիի բնակչության անունից հատուկ շնորհակալագիր ենք հանձնել նախարարին»,- նշեց Նոր Գեղի համայնքի ղեկավար՝ Ֆրոնտիկ Թևոսյանը։
Գագիկ Բեգլարյանին շնորհակալագրեր հանձնեցին նաև Կոտայքի մարզի Արգել և Կարենիս համայնքների ղեկավարները:

Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով  հիմնանորոգվել է նաև Արգել-Կարենիս-Չարենցավան  5.3 կմ երկարությամբ ճանապարհը։ Հիմքից կառուցված նոր ասֆալտապատ ճանապարհին զուգահեռ ճանապարհի ոլորանների հատվածում վերականգնվել են հենապատերը, նորոգվել են 2 կամուրջները։ Վերականգնված հատվածն անցնում է Արգել հիդրոէլեկտրակայանով: Ասֆալտապատվել է նաև Արգելի համայնքի եկեղեցի տանող ճանապարհը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ այս ճանապարհահատվածը վերակառուցելու խոստումը  տրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից  2013 թվականին բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Երկու տարի անց ճանապարհն արդեն հանձնվեց շահագործման:

«Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը մեզ խոստացավ, որ ճանապարհն անպայման կկառուցվի, և ինքն այսօր իր  խոսքի տերն է։ Շատ շնորհակալ ենք Նախագահին, որ այսպիսի գեղեցիկ, որակով ճանապարհ նվիրեց մեր գյուղերին։ Արգելը Չարենցավանին կապող այս  միակ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Գյուղացին իր բերքը 10 կմ հեռավորությամբ գտնվող Չարենցավանը թողած, գնում էր Երևան, քանի որ չէր կարողանում հին ճանապարհով անցնել»,- ասաց Արգել համայնքի գյուղապետ Մաթևոս Ավագյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցնող տարում նախարարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի տրամադրած գումարներով ամբողջ հանրապետությունում վերակառուցել և հիմնանորոգել է շուրջ 178կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:

«Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրով 2015-2016 թվականներին մենք պետք է կառուցեինք, հիմնանորոգեինք մոտ 135կմ ճանապարհ։ Այս տարի մենք աշխատանքների 90 տոկոսն ավարտել ենք։ 2016-ին կառուցելու  համար մնացել է 10-ը կմ: Բացի դրանից, մենք բյուջեի հատկացումներով ունենք 45կմ, որի շինարարությունը  լրիվ ավարտել ենք: Այս տարի կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում  կառուցել ենք 170-178կմ ճանապարհ»,- ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Ճանապարհները կառուցվել են բարձր որակով. թե լաբորատոր քննությունները, թե որակի տեխհսկողություն իրականացնող ընկերության մասնագետները, թե շինարարները վստահեցնում են՝ հիմնանորոգված ճանապարհները երկար կծառայեն:

Ի դեպ, դրանք կառուցվել են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիաներով, նորարարական մոտեցումներով:

«Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլլերը նշեց. «Որպես շինաշխատանքների որակը վերահսկող ընկերության ներկայացուցիչ ես հպարտ եմ, որ մենք էլ մի մասն ենք որակյալ այս աշխատանքի: Նման աշխատանքի ապահովման համար թե աշխատանքների պատվիրատուն, թե շինարարը, թե տեխհսկողները պետք է աշխատեին մեկ ընտանիքի նման. մեզ դա հաջողվել է: Այս տարվա ընթացքում նման որակյալ ճանապարհներ կառուցվել են նաև Հայաստանի այլ բնակավայրերում ևս, ինչի համար ես շատ ուրախ եմ»:

Իսկ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց.

«Որակը, ինքներս էլ տեսնում ենք.  ապահովել ենք շատ կարևոր որակ, որի համար ես շինարարներին ուզում եմ շնորհակալություն հայտնել:  Անընդհատ, ինչպես այլ ոլորտներում, մեր ոլորտում ևս կան զարգացումներ, նորամուծություններ, նոր տեխնոլոգիաներ, ինչու չէ՝ նաև նոր տեխնիկա»:

Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները հաջորդ տարիներին ևս կշարունակվեն: Այս տարվա նոյեմբերին Համաշխարհային բանկն ու ՀՀ կառավարությունը ստորագրեցին 40 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որը 10 մլն դոլարով կհամաֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից: Դրանով նախատեսվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրի» երկարաձգում՝ մինչև 2019 թվականի ավարտը:

Share