Բաժին. Տնտեսական

Բիզնես հնարավորությունները Չինաստանի նոր տնտեսական իրադրությունում. Հեռանկարներ Հայաստանի համար

Տասնամյակներ շարունակվող արագընթաց տնտեսական աճից հետո Չինաստանի տնտեսությունն այժմ առաջ է ընթանում ավելի զուսպ տեմպերով: Չնայած ոչ այդքան արագ աճի տեմպերին, հսկայական ծավալներ ունեցող և աշխարհի երկրորդ տնտեսությունը հանդիսացող այս երկիրը Հայաստանի կարևորագույն ներդրումային գործընկերներից մեկն է:

Վերջին 35 տարիների ընթացքում Չինաստանում տեղի են ունեցել արագընթաց, բազմակողմանի և հեռնկարային տնտեսական զարգացումներ:

1978թ-ի տնտեսական բարեփոխումների և բաց քաղաքականության մեկնարկից դեռ մեկ տարի առաջ, Չինաստանում ապրում էր աշխարհի ողջ բնակչության 22%-ը, սակայն այս երկիրն ապահովում էր համաշխարհային տնտեսական արդյունքի միայն 5%-ը : 2014թ-ի դրությամբ Չինաստանի բնակչության մասնաբաժինն աշխարհի մակարդակով նվազել է և կազմում է 19%, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ-ում Չինաստանի բաժնեմասը հասել է 13%-ի:

Այդ նույն ժամանակահատվածում միլիոնավոր չինացիներ թողեցին գյուղատնտեսությունը և ընտրեցին աշխատանքը քաղաքում: Արդյունքում գյուղատնտեսության բաժնեմասը Չինաստանի տնտեսությունում նվազեց՝ 30%-ից հասնելով 7%-ի, մինչդեռ սպասարկման ոլորտի բաժնեմասը կրկնապատկվեց՝ կազմելով 50%:

Արդյունքում, Չինաստանի 1.36 միլիարդ բնակիչներից շատերը կարողացան ավելի հարստանալ: 2000թ-ի դրությամբ Չինաստանի քաղաքային տնտեսությունների միայն 4% էր կազմում միջին խավը, իսկ 2012թ-ին այդ ցուցանիշն աճել էր մինչև 68% :

Չինաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ 7,600 ԱՄՆ դոլար: 2014թ-ի դրությամբ Չինաստանն արդեն ուներ 4 միլիոն տնային տնտեսություններ, որոնք միլիոնատեր էին դարձել, այդպիսով զիջելով միայն ԱՄՆ-ին՝ իր 7 միլիոն կազմող միլիոնատեր տնտեսություններով։

Նման զարգացումները մեծ հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա բիզնեսների համար և ցույց են տալիս, թե համեմատաբար կարճ ժամանակահատվածում ինչպես կարելի է խթանել երկրի տնտեսության զարգացումը՝ միջազգային առևտրի և ներդրումային բաց տնտեսական քաղաքականության միջոցով:

Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին էապես ընդլայնվել է: Չինաստանը Հայաստանի կարևորագույն ներդրումային գործընկերներից է, որի ներդրումների ծավալը կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար : Չինաստանը նախատեսում է մեծացնել իր ներդրումների ծավալը Հայաստանում՝ հիմնականում գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, ինչպես նաև էներգետիկայի և առողջապահության ոլորտներում: Չինաստանը նաև հանդիսանում է Հայաստանի առևտրային 2-րդ խոշոր գործընկերը: Երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը 2014թ-ին կազմել է 588.5 միլիոն ԱՄՆ դոլար։

Թեև Չինաստանի տնտեսությունը զարգացման նոր փուլ է մտել, դա չի ենթադրում, որ այնտեղ առկա բիզնես հնարավորությունները սպառվել են: Տնտեսական այս «նոր իրավիճակը» նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը կզարգանա ավելի իրատեսական  և կայուն տեմպերով՝ շեշտը դնելով ոչ թե աճի արագության, այլ որակի վրա: Հիմնական նպատակն է նվազեցնել կախվածությունը արտահանումից ու ցածրորակ արտադրությունից, ինչպես ընդունված էր նախկինում, և փոխարենն ընդլայնել ներքին սպառման, մասնավոր հատվածի և սպասարկման ոլորտների դերը: Քանի որ, այս ոլորտներն այժմ կազմում են Չինաստանի տնտեսության ավելի մեծ մասնաբաժինը, քան արտադրությունը:

Թեև ավանդական արտադրությունը լիովին չի վերանա, կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում բարելավելու Չինաստանի արտադրական հնարավորությունների մակարդակը՝ տեղափոխելու այն հաջորդ փուլ: Այնպիսի հայեցակարգային նախաձեռնություններ, ինչպիսիք են 2015թ-ին մայիսին հայտարարված «Արտադրված է Չինաստանում, 2025»-ը, նպատակ ունեն նպաստել ՏՏ, ռոբոտաշինության, ավիացիոն և տիեզերանավերի արտադրության  ոլորտների, ինչպես նաև երկաթուղային և էլեկտրական փոխադրամիջոցների արտադրության զարգացմանը:

Նման զարգացումները հնարավորություններ են ստեղծում նաև Հայաստանի համար.   օրինակ, Հայաստանում մեծ թափով զարգացող ՏՏ ոլորտի մասնագետերը կարող են Չինաստանից պատվերներ ընդունել և ծառայություններ տրամադրել հեռակա, ինչը երկուստեք գրավիչ և ձեռնտու կարող է լինել:

Դիտարկենք ուրբանիզացիան: Չնայած վերջին երեք տասնամյակների ընթացքում դեպի քաղաքներ զանգվածային միգրացիային ՝ Չինաստանի ուրբանիզացման մակարդակն ավելի ցածր է, քան նման տնտեսական զարգացում ունեցող այլ երկրներինը: Կառավարության նպատակն է 2020թ-ին Չինաստանի քաղաքային բնակչությունը հասցնել 60%-ի :

Դա նշանակում է, որ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և շարունակական ներդրումների պահանջ կստեղծվի՝ սկսած մետրոպոլիտենի, ջրամաքրման և թափոնների կառավարման համակարգերի ստեղծումից մինչև շինարարական տեխնոլոգիաների մշակումն ու օդանավակայանների կառուցումը:

Այսինքն, սպառման տեսանկյունից Չինաստանը դեռևս երկար ժամանակ կմնա որպես մեծ թափով աճող տնտեսություն:

Թեև երկնիշ թվերով տնտեսական աճի ժամանակներն արդեն անցյալում են, աշխատավարձերը Չինաստանում դեռևս շարունակում են բարձրանալ: Մի կողմից որոշ ապրանքների կամ ապրանքանիշերի հանդեպ պահանջարկը կարող է նվազել, սակայն մեծ քանակությամբ կանխիկ դրամական միջոցներ պարզապես ուղղվում են դեպի այլ տեսակի ապրանքներ կամ մի կողմ են դրվում՝ հետագայում օգտագործվելու նպատակով: 

Չինաստանի բնակչությունը շարունակելու է նոր ապրանքներ գնել և օգտվել ծառայություններից, այնպես որ հայկական արտադրողների համար Չինաստանի շուկան միշտ կլինի հսկայական և սննդի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Դեպի Չինաստան Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կազմում է 171 միլիոն ԱՄՆ դոլար և մեծ մասամբ կազմված է հանքային հանածոներից: Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմում է 417.5 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի դիվերսիֆիկացված է. հագուստ, կոշկեղեն, սարքավորումներ, քիմիական նյութեր, մեքենաներ, շինարարական նյութեր, սնունդ և այլն :       

Բացի այդ, Պեկինի ձգտումը՝ խթանել մասնավոր հատվածը, ծառայությունների ոլորտը և բարելավել կյանքի որակը, նոր բիզնես հնարավորություններ կստեղծի այնպիսի ոլորտներում, ինչպիսին առողջապահությունն է: Ըստ McKinsey-ի հետազոտության, առողջապահական ոլորտի ծախսերը 2011-ի 357 միլիարդ ԱՄՆ դոլարի համեմատ 2020թ-ին կաճեն՝ հասնելով 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի :   

Հանդիսանալով Բժշկական տուրիզմի ասոցիացիայի անդամ՝ Հայաստանը կարող է ներկայանալ որպես որոշակի բժշկական ծառայություններ և որակյալ բուժում առաջարկող երկիր՝ համեմատաբար մատչելի գներով: Սա նույնպես, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություն է՝ եթե հաշվի առնենք Չինաստանում առողջապահական ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը և Հայաստանում հասանելի բարձորակ բժշկական սպասարկումը:  

Թերևս, Չինաստանն այդքան էլ պարզ շուկա չէ: Անցել են այն ժամանակները, երբ ընկերությունները հեշտությամբ կարող էին տարեկան երկնիշ աճ արձանագրել: Չինաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա ընկերություններին անհրաժեշտ է խելամիտ և ճկուն լինել, որպեսզի կարողանան հարմարվել Չինաստանի սպառողի անընդհատ փոփոխվող պահանջներին: Նրանց համար, ում կհաջողվի ճկունություն ցուցաբերել, Չինաստանը կշարունակի լինել այն հիմնական շուկաներից մեկը, որտեղ արժե գործունեություն ծավալել:

Թիես Քլեմենց

Share