Բաժին. Տնտեսական

Դավիթ Յանը գործարկել է նոր որոնողական համակարգ

Համակարգչային ծրագրերի մշակամբ զբաղվող ABBYY ընկերության հիմնադիր, հայազգի գործարար Դավիթ Յանն ԱՄՆ-ում գործարկել է նոր որոնողական համակարգ: Այն կոչվում է Findo և հասկանում է «մարդկային լեզուն»: Ռուսական Ведомости պարբերականին տված իր հարցազրույցում Դավիթ Յանը պարզաբանել է, որ Findo որոնողական համակարգը կարող է տեղեկատվություն փնտրել ամպային պահոցներում, սոցիալական ցանցերում, օգագործողի սարքերում (համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ): Findo համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ տեղեկատվության և ֆսյլերի որոնման համար կարելի է պարզապես առօրյա խոսակցական լեզվով դիմել համակարգին:

Համակարգի ստեղծման գաղափարն առաջ է եկել, երբ  ABBYY ընկերության վերլուծաբանների կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտատերերի միայն 20%-ն է կարողանում արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ներկա դրությամբ Findo համակարգով տեղեկատվություն կարելի է փնտրել միայն անգլերեն լեզվով: Դավիթ Յանը նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա ընկերությունը համակարգը հասանելի կդարձնի նաև այլ լեզուներով:

Դավիթ Յանը նշել է, որ Findo համակարգը նախատեսված է «լայն սպառման համար» և շուտով կընդլայնի իր աշխարհագրությունը: Այժմ համակարգից օգտվում է շուրջ 1000 օգտատեր, որոնց մեկ երրորդը ԱՄՆ-ում, 15%-ը՝ Ռուսաստանում, 3.3%-ը՝ Չինաստանում:

Հարկ է նշել, որ նախագծի իրականացման համար ABBYY ընկերությունը ներդրել է շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլար: 2016 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել լրացուցիչ 1.4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

ABBYY ընկերության հաշվարկներով՝ Findo համակարգը եկամուտ կբերի, երբ օգտատերերի թիվը հասնի 2.2 մլն-ի, և համակարգից օգտվելու համար վճարելու պատրաստակամություն ունեցող օգտատերերի մասնաբաժինը կազմի 2-8%:  

Հիշեցնենք, որ Դավիթ Յանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Նրա հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ: Ավարտել է ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում՝ պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ։

Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

Դավիթ Յանը նաև Հայաստանում ԱՅԲ կրթական հիմնադրամի հիմնադիրներից մեկն է։

Share