Բաժին. Տնտեսական

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 27-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, հիմնավորելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ գործող օրենքով սահմանված է պետական տուրք` գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար, սակայն ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր այժմ չկան: Նա առաջարկել է ուժը կորցրած ճանաչել գյուտի՝ ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը: Պարոն Եղիազարյանը վստահեցրել է, որ արդյունքում կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով կրկին հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշել է, որ գործող օրենքում հստակ սահմանված չեն գործընթացի ժամկետները եւ հնարավոր է օրենքով կարգավորվող բիզնես գործընթացների մի մասն իրականացնել ավելի կարճ ժամկետում: Հետեւաբար առաջարկվել է օրենքում հստակեցնել եւ կրճատել ժամկետները: Պարոն Եղիազարյանի խոսքով` ակնկալվում է կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները հստակեցնելու հետ մեկտեղ բարելավել նաեւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանները:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող եւ գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Պարոն Միրումյանը նշել է, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներքին սպառման համար ներմուծվող եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա եւ պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` ՀՀ կառավարության սահմանած կարգով, ինչպես նաեւ վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմնին: Փաթեթով առաջարկվել է նաեւ, որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկի ներմուծողը` արտացոլելով այն ներմուծման հարկային հայտարարագրում, որոնք պետական բյուջե են վճարվում մինչեւ այդ ապրանքները ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման եւ վճարման հարցերը:

Քննարկման ներկայացված երեք նախագծերն էլ դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ իններորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Share