Բաժին. Տնտեսական

Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Այսպիսով՝ դիմումատուները կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ առաջարկվում է «secretariat@mineconomy.am» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն: Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի վարչարարության կրճատմանը:

Կառավարությունը սահմանել է սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն` իրացվող համապատասխան արտադրանքի շուկայահանման կարգի սահմանման և, համապատասխանաբար, դրա անվտանգության ապահովման միջոցով: Որոշման նպատակն է ապահովել շուկայում առկա չափման միջոցների ճշգրտությունը, ինչը կհանգեցնի սպառողի կողմից ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող արտադրանքի օգտագործման բացառմանը: Արդյունքում՝ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները շուկայահանումից առաջ կենթարկվեն առաջնային ստուգաչափման և/կամ տեսակի հաստատման:

Share