Բաժին. Տնտեսական

2015թ.-ին Հայաստանում իր հանգիստն է կազմակերպել ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ

2015 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 192,12 հազար զբոսաշրջիկ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝  հաշվետու տարում, 2014 թվականի համեմատ, մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով:

Ըստ «ձևավորված ավանդույթի»՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից են, մասնավորապես՝ Ռուսաստանից: Համեմատաբար մեծ է նաև Եվրամիության երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը: Հարկ է նշել, որ 2015 թվականին զգալի ավելացել է Իրանից Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Նշենք նաև, որ մեր երկրի համար մշակված «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ի համաձայն՝ 2030 թվականին Հայաստան կայցելի 3 մլն զբոսաշրջիկ, իսկ  ոլորտի տարեկան եկամուտը կկազմի մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Իհարկե, այս ցուցանիշները ներկայացված են՝ ըստ լավագույն սցենարի: Ցանկալի սցենարի դեպքում ակնկավում է, որ 2030 թվականին մեր երկիր կայցելի մոտ 2 մլն միջազգային զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ շուրջ 1 մլն միջազգային զբոսաշրջիկ:

Առավել կարճաժամկետ հատվածի համար կանխատեսումներն այսպիսին են. լավագույն սցենարի դեպքում 2020 թվականին մեր երկիր կայցելի 1,5 մլն միջազգային զբոսաշրջիկ, ցանկալի սցենարի դեպքում՝ մոտ 1 մլն զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 700-800 հազար զբոսաշրջիկ:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ոլորտի մասնագետները ակնկալում են, որ մինչև 2030 թվականը մեր երկրի զբոսաշրջության ոլորտը կգրանցի շարունակական աճ և ոլորտի մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կհասնի 12%-ի:

Առաջիկա 15 տարվա ընթացքում կաճեն նաև ոլորտում կապիտալ ներդրումները և կկազմեն ընդհանուր ներդրումները մոտ 12,3%-ը: Սպասվում է նաև, որ զբոսաշրջությունը կապահովի 22 հազար 300 աշխատատեղ` կազմելով ընդհանուր զբաղվածության 2%-ը:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share