Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ամփոփել է 2015 թվականը․ չնայած անբարենպաստ պայմաններին ՀՀ տնտեսությունն աճել է

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացրած աշխատանքին և տարվա տնտեսական արդյունքներին:

ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Համաշխարհային տնտեսության տարեսկզբի զարգացումների համատեքստում, միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվեցին Հայաստանի 2015թ. տարեկան ՀՆԱ կանխատեսումները (Համաշխարհային բանկ` 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ` -1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` -1.5%):

Ու չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների` 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 3.5% աճ (բացարձակ արժեքով աճը կազմել է 3498.9 մլրդ դրամ կամ 7324.4 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում, համախառն առաջարկը ձևավորվել է հիմնականում ի հաշիվ արտահանելի ճյուղերի:

Հայաստանի տնտեսության ճյուղերի ավելացված արժեքի աճի տեմպերը 2015թ. հունվար-սեպտեմբերին եղել են. արդյունաբերություն` 103.5%, գյուղատնտեսություն` 106.8%, շինարարություն` 101.0%, առևտուր` 93.7%, ծառայություններ` 103,5%:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ

2015թ.հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը` 105.2%, ծառայություններինը` 102.7%, իսկ շինարարությանը` 100.3 %:

Առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված լինել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.2%-ով, ընդ որում, ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով: 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական առումով տարին բարդ էր՝ պայմանավորված մի շարք գործոններով, որոնցից են` ռուսական շուկայի և ռուբլու արժույթի անկայուն վիճակը, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկումը, ընդհանուր տրանսֆերտների նվազումը (ինչի հետևանքով նվազել է պահանջարկը ներքին շուկայում), ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության արդյունքում սկզբնական շրջանում նոր իրավական դաշտին և պայմաններին տնտեսվարողների հարմարվելը և սպասողական վիճակը:

Թվարկված գործոնները բացասական են անդրադարձել Հայաստանի տնտեսության, մասնավորապես` արդյունաբերության վրա: Սակայն անգամ այս իրավիճակում 2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը նշված պայմաններում նույնպես կարելի է ձեռքբերում համարել:

Հանքագործական արդյունաբերության աճի տեմպը կազմել է 150.4%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը` 106.7%, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակմանը` 110.1%:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից սննդամթերքի արտադրության նվազումը կազմել է 9.0%, հիմնային մետաղների արտադրության նվազումը 15.0%, խմիչքների արտադրության նվազումը 19.7%, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության նվազումը 16.2% և ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության նվազումը 9.1%:

Չնայած ծավալային նվազումներին, ենթաճյուղերի բնեղեն արտահայտությամբ ծավալները որոշ ապրանքատեսակների գծով աճ են գրանցել, ինչը ցույց է տալիս, որ դրամային ծավալների նվազում գրանցվել է հիմնականում գնային գործոնի հաշվին:

Սննդամթերքի և խմիչքների արտադրության ճյուղերում արտահանման կրճատումը պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման նվազմամբ, համապատասխանաբար 16.1%-ով և 33.9%-ով: Դրան զուգահեռ նույն խմբերում աճել է դեպի այլ երկրներ արտահանումը, համապատասխանաբար 11.6%-ով և 42.5%-ով:

Հակառակ պատկեր է ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության և հիմնային մետաղների արտադրության ենթաճյուղերում, որտեղ արտահանումը նվազել է մեծապես ի հաշիվ դեպի այլ երկրներ արտահանման կրճատման, համապատասխանաբար 22.7%-ով և 15.9%-ով: Իսկ դեպի ԱՊՀ երկրներ վերոնշյալ խմբերի արտահանումը աճել է համապատասխանաբար 6.7 անգամ և 7.1 անգամ:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճ է գրանցվել. ծխախոտե արտադրատեսակների արտադրություն` 49.1%, կահույքի արտադրություն` 41.0%, արտադրատեսակների արտադրություն չներառված այլ խմբերում` 58.1%, դեղագործական արտադրանքի արտադրություն` 25.1%, թղթե և թղթե արտադրատեսակների արտադրություն` 17.2%, հագուստի արտադրություն` 16.8%, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն` 10.3%, մեքենաների և սարքավորանքի արտադրություն չներառված ուրիշ խմբերում` 6.0%, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն` 61% աճ:

Վերը նշված ապրանքախմբերից գրանցվել է արտահանման աճ (անվանական)   հետևյալների գծով` ծխախոտե արտադրատեսակներ` 67,6%, կահույքի արտադրություն` 15.6%, արտադրատեսակների արտադրություն չներառված այլ խմբերում` 74,4%, դեղագործական արտադրանքի արտադրություն` 17,4%,  հագուստի արտադրություն` 31,9%, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն` 21,3%, մեքենաների և սարքավորանքի արտադրություն չներառված ուրիշ խմբերում` 63,4%:

Արդյունաբերության ոլորտում գրանցված 5,2% աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել տարվա ընթացքում իրականացված պետական-մասնավոր հատված համակարգված աշխատանքը և որոշ նախաձեռնություններ, մասնավորապես.

– Հանրապետության արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ  պարբերաբար կայացել են քննարկումներ, վերջիններիս կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ մշակվել են մի շարք իրավական ակտեր (օր.` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և այլ իրավական ակտեր):

– Ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման նպատակով 2015թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 9 ներդրումային ծրագիր` 9.94 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ակնկալիքով: Հետաձգվել է 1.98 մլրդ դրամի ԱԱՀ:

– Արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով (2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել  արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերություններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություն):

– 2015թ. հունվարից ուժի մեջ է մտել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, մշակվել և ընդունվել են վերոնշյալ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր:

ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է Արտահանման աջակցման խորհուրդ: Վարչապետի գլխավորությամբ, խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:

Share