Բաժին. Տնտեսական

Հայաստանում առավել ակտիվ է «սուպերմարկետային» առևտուրը

Մեր երկրի մանրածախ առևտրի ոլորտում գործում են 191 խոշոր խանութներ, որոնց բաժին է ընկնում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառության շուրջ 53%-ը: Նշենք, որ խոշոր են համարվում այն խանութները, որոնք ունեն 30 և ավելի աշխատողներ:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները՝ 2015 թվականի արդյունքներով մեր երկրում, ընդհանուր առմամբ, գործունեություն է ծավալել 13 հազար 971 խանութ: Դրանցից 12 հազար 780-ը գերփոքր խանութներն են (ունեն մինչև 5 աշխատող), 785-ը՝ փոքր (6-15 աշխատող), 215-ը՝ միջին (16-30 աշխատող):

Գերփոքր խանութների մասնաբաժինը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալում կազմել է 23%, փոքր խանութներինը` 14%, միջին խանութներինը՝  10%:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին մեր երկրի առևտրի ոլորտում գործել է 163 խոշոր խանութ, 754 գերփոքր, 701-ը՝ փոքր, 168-ը՝ միջին: Վերջիններիս մասնաբաժինը առևտրի ընդհանուր ծավալում կազմել է համապատասխանաբար՝ 63%, 20%, 13.7% և  8.3%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 968.99 մլրդ ՀՀ դրամ:

Share