Բաժին. Տնտեսական

Հայաստանում շեշտը դնելու են ՓՄՁ-ների գիտելիքի, որակի ու ոլորտի մրցունակության բարձրացման վրա

Գործատուների հանրապետական միությունն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Հայաստանում 300 ձեռնարկությունների շրջանում անցկացրել են հետազոտություն` բացահայտելու մեր երկրում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 18-ին մեկնարկած համաժողովին քննարկումների միջոցով փորձ է արվելու վեր հանել հետազոտությամբ բացահայտված խնդիրներն ու դրանց առաջարկույունները: Միջոցառմանը մասնակցում են 150 ներկայացուցիչներ պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից, դեսպանություններից, վերլուծական կենտրոններից, կրթական ինստիտուտներից, գործատուներ, ԱՄԿ ներկայացուցիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2001 թվականից մշակում ու իրականացնում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության տարեկան ծրագրեր: «Հայաստանում գործող ՓՄՁ սուբյեկտների խնդիրներին առնչվող առավել համակարգված քաղաքականություն իրականացնելու նպատակով կառավարությունը 2015-ին մշակել ու ընդունել է ՓՄՁ զարգացման 2016-2018 ռազմավարությունը: Եթե նախորդ տարիներին զարգացման քաղաքականությունը կենտրոնացած էր փոքր ու միջին ձեռնարկությունների քանակական աճի ու ռեսու րսների հասանելիության վրա, առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի ու ոլորտի մրցունակության բարձրացման վրա»,-ասաց փոխվարչապետը: Նա նշեց, որ տնտեսության ու հատկապես ՓՄՁ-ների գործունեության ժամանակ առաջացող բոլոր խնդիրներին չկա միասնական լուծում:

«Շատ երկրներ կարող են հաջողության հասնել` կիրառելով ապակենտրոնացված մոդելներ, որոշները` կենտրոնացված մեխանիզմներով առաջնորդվել, բայց հարկավոր է այս ոլորտում ընդունել բազմազանություն: Առաջիկա երեք տարիներին գլխավոր նպատակը ներքին ու արտաքին շուկաներում ՓՄՁ-ների գործունեության ապահովումն է, կարևորվել է մրցունակ միջավայրի ապահովումը, ձեռնարկատիրական գիտելիքի տարածումը, ֆինասնական միջոցների հասանելիությունը»,-նշեց պաշտոնյան: Նրա խոսքով` միջազգային լավագույն փորձի ներկայացման ու Հայաստանում ՓՄՁ-ների հետագա զարգացման ուղղույամբ դեռևս առկա է հետագա համագործակցության ներուժ և այս համաժողովը դրա արտահայտումներից մեկն է:

Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ, գործատուների հարցերով ավագ փորձագետ Վլադիրմիր Կուրովիչն էլ նշեց, որ տարիներ ի վեր մտածում են, թե ինչպես ստեղծել ավելի լավ աշխատատեղեր գլոբալ մակարդակով: «Ավելի լավ ու շատ աշխատատեղեր ստեղծելու համար մեզ պետք են լավ աշխատող ձեռնարկություններ: Դրանք ստեղծելու համար պետք է բարենպաստ միջավայր ստեղծել, որ ձեռնարկությունները բարգավաճեն ու կայուն աշխատեն»,-ասաց Կուրովիչը` հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար հարկավոր է ակտիվ պահել պետություն-հասարակական սեկտոր համագործակցությունը:

Վերջին տարիների ընթացքում ԱՄԿ-ն նման վերլուծություններ իրականացնում  է մի քանի երկրներում, իսկ 2015թ. վերջին ամիսներին իրականացրել է  Հայաստանում և Վրաստանում: Հարցումների և վերլուծության արդյունքում բացահայտվել են ձեռնարկությունների զարգացման հինգ առաջնային խոչընդոտ հանդիսացող ոլորտներ. կրթությունը, վերապատրաստումն ու ուսուցումն ամբողջ կյանքի ընթացքում, ֆինանսների հասանելիությունը, արդար մրցակցությունը, արդյունավետ կառավարումն ու օրենսդրական կարգավորող շրջանակը:

Share