Բաժին. Տնտեսական

Արմեն Ռուստամյան․ ՀՅԴ-ն ցանկանում է նախարարական պորտֆելները ստանձնել արդյունավետ կառավարման ակնկալիքով

ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, քանի որ դրանք ընդհանրական դիտարկելու մեջ է տեսնում արդյունավետ կառավարման հնարավորությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Եթե տարածքային զարգացումը և էկոնոմիկան դիտարկենք միասին, կտեսնենք, որ արդյունավետ կառավարման հնարավորություններ են առաջանում: Ներդրումների, տեղական արտադրողների, արտահանման խրախուսման հարցեր կան: Այս բոլորը եթե մեկ համատեքստում նայենք, կտեսնենք, որ արդյունավետ կառավարման հնարավորություններ կան: Մենք պետք է էական քայլեր ձեռնարկենք ներդրումների, արտահանման, տեղական արտադրողներին խթանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց, որ նախկինում իրենք լայն հնարավորություններ չունեին և չէին կարող էական ազդեցություն ունենալ երկրի զարգացմանը նպաստելու վրա: «Հիմա մենք կառավարության մեջ կլինենք, և, օգտագործելով նաև դրսի ներուժը, կփորձենք զարգացնել և առաջ տանել երկիրը: Մեկ բան է լինել կառավարության մեջ, մեկ այլ բան է լինել ընդամենը կողքից հետևող»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց նաև, որ ցանկացել են ստանալ տարածքային կառավարման, կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարությունները, որովհետև հենց այդ ոլորտներում է, որ ունեն հստակ տեսլական, պատկերացումներ, թե ինչ քայլեր են պետք առաջընթաց ապահովելու համար:

Share