Բաժին. Տնտեսական

Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման թուրքերի ապարդյուն փորձերը

Ռուսաստանի պետական սահմանի դաղստանյան հատվածի «Յարագ-Կազմալյար» անցակետում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» վարչության Դաղստանի հանրապետության պետական տեսուչներն արգելել են Ադրբեջանից ներկրված 22 տ կաղինի մուտքը երկիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ բեռն արգելելու համար պատճառ  են հանդիսացել ֆիտոսանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները: Այսպես, ստուգման շրջանակում բացահայտվել է, որ բեռան ֆիտոսանիտարական հավաստագրում ծագման երկիրը (Ադրբեջան) չի համապատասխանում մակնշման վրա նշված իրական ծագման երկրին (Թուրքիա): Խմբաքանակում հայտնաբերվել է նաեւ կարանտինային օբյեկտ` պատատաբույսի (գայլուկ) սերմեր, որոնք հսկայական վնաս են հասցնում դաշտային անդաստաններին:

Բեռան տերը դրանով խախտել է «Բույսերի կարանտինի մասին» ՌԴ օրենքը, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության, հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Ադրբեջանից թուրքական 20 տ լոլիկ Ռուսաստան ներկրելու փորձի մասին, ինչը եւս կանխվել էր ՌԴ հիշյալ վարչության կողմից:

Թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցումից եւ նրա օդաչուի սպանվելուց հետո Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից արգելել է թուրքական ծագմամբ միրգ-բանջարեղենի մուտքը երկրի տարածք:

Share