Բաժին. Տնտեսական

ԿԲ. Գործարար ակտիվության ցուցանիշը գտնվում է կայունության միջակայքում

Մեր հանրապետությունորմ գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) արդեն չորս եռամսյակ անընդմեջ գտնվում է 50 կետ արժեքից բարձր մակարդակում: 2015 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդի եռամսյակի համեմատ, ցուցանիշն աճել է՝ ավելանալով 0.2 կետով, և կազմել է 50.5 կետ` շարունակելով գտնվել կայունության միջակայքում:

Ինչպես փաստում են կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ հաշվետու եռամսյակում արդյունաբերության և շինարարության ոլորտի ցուցանիշների նվազումը թեև անդրադարձել է գործարար միջավայրի ցուցանիշի վրա, սակայն միևնույն ժամանակ առևտրի և ծառայությունների ոլորտների ցուցանիշների բարելավումը պահպանել է ԳՄՑ-ը բարձր մակարդակի վրա:

Նշենք, որ գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share