Բաժին. Տնտեսական

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն․ պարզաբանում՝ ՀԲ տրամադրած 30 մլն դոլարի վարկի կապակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց և թափանցիկ գնագոյացում էլեկրամատակարարման շղթայի բոլոր օղակներում: Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այս մասին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել դեռևս փետրվարի 19-ին։ Սակայն հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը՝ մեկ անգամ ևս հայտարարում ենք.

Սակագնի հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին ՀԷՑ-ում առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։ Պարտքերի առաջացման պատճառներն են՝ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն առաջացել է մինչև սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-2015թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից արտադրող ընկերություններին՝ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կփակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Չվճարումների հետ կապված էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ։

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար ներգրավել են կարճաժամկետ առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ: Դրանք վերակառուցելու նպատակով անցած տարի աշխատանքներ կատարվեցին Համաշխարհային բանկի հետ և մշակվեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է ցածր տոկոսներով և երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավել՝ համակարգի պետական ընկերությունների առևտրային վարկերը վերակառուցելու և չվճարված պարտավորությունները մարելու համար։ ՀԲ տրամադրած վարկի գումարը կազմում է 30 մլն դոլար։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով և որևէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում:

Share