Բաժին. Տնտեսական

Ռոբերտ Նազարյան․ «Որոտան»-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ իրականացվել է

«Որոտան»-ի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի գործարքն ավարտվել է, կառավարությունն արդեն գումարի մի մասը ստացել է: Ազգային ժողովում ՀԾԿՀ 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին: ««Որոտան» ՀԷԿ-երի համալիրն, այո, վաճառվել է: Դա բոլոր ին է հայտնի, կա կառավարության համապատասխան որոշումը: Նույնիսկ ես տեղյակ եմ, որ կառավարությունն արդեն այդ գործարքի գումարի մի մասն էլ ստացել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ի՞նչ գնով է էլեկտրաէներգիա գնում «Որոտան»-ից՝ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Միանվագ սակագինն այսօր կազմում է 15 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

Գագիկ Ջհանգիրյանը նաև հարցրեց՝ 2013թ. Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև կնքված գազային համաձայնագիրը հնարավորություն տալի՞ս են Հայաստանին գազ գնել նաև այլ երկրներից, օրինակ՝ Իրանից: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ այդ համաձայնագրում ամրագրված դրույթները պետք է պահպանել ու առաջ շարժվել: «Միևնույն ժամանակ, ես այն կարծքին եմ, որ եթե մեզ ավելի էժան գնով գազ առաջարկվի, մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից՝ անկախ այդ համաձայնագրից»,- եզրափակեց Ռոբերտ Նազարյանը:

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Share