Բաժին. Տնտեսական

2015թ.-ին պետբյուջեի 30%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ

2015 թվականին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 383,67 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 12%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը կազմել են պետական բյուջեի 30%-ը:

Նշենք, որ մեր երկրում սոցիալական պաշտպանության համակարգը ենթադրում է բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում:

Միևնույն ժամանակ, 2015 թվականի արդյունքներով մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ 20%:

Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 10%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 11%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 9%:

Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1 տրիլիոն 293 մլրդ 877,5 մլն ՀՀ դրամ:

Share