Բաժին. Տնտեսական

Հայաստանում միասնական հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ.-ին

Նախատեսվում է, որ Հայաստանում միասնական հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ.-ին և առաջ կբերի քաղաքականության, ընթացակարգերի ու վարչարարության նշանակալի փոփոխություններ: «Հանրային ծախսերը նախատեսվում է կրճատել ՀՆԱ-ի 1,5 տոկոսային կետով՝ ՀՆԱ-ի 3,5%-ի չափով դեֆիցիտի թիրախին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել է Համաշխարհային բանկի «Հայաստան. ամենամսյա տնտեսական տեղեկագր»-ում։

Ըստ աղբյուրի՝ 2016թ. ծախսերի կազմում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են սուբսիդիաների տեսքով տնտեսության ճյուղերին ուղղվող հատկացումների ավելացմանը, պարտքի սպասարկման ծախսումների ավելացմանը, որոնք կապահովվեն ապրանքների ու ծառայությունների պետական գնումների կրճատմամբ: 2016թ. հունվարին եկամուտների փաստացի հավաքագրումը մեկ տարի առաջվա համեմատ ցածր է եղել՝ արտացոլելով ներմուծումների շարունակական նվազման միտումը: Եթե հունվարի միտումները շարունակվեն, ապա անցած տարի գրանցված հարկաբյուջետային ճնշումները կարող են 2016թ. կրկին զգացվել:

ՀԲ փորձագետները հավելել են, որ հարկաբյուջետային կոնսոլիդացման նպատակով 2016թ. հաստատված բյուջեն ներառում է եկամուտների ավելացմանն ուղղված միջոցներ ու ծախսերի համեստ կրճատումներ: 2015թ. աշնանը ներդրված հարկային քաղաքականության փոփոխությունների մի մասը, որը վերաբերում է ակցիզային հարկի հարկման բազային ու տոկոսադրույքի բարձրացմանը, դրականորեն կանդրադառնան եկամուտների հավաքագրմանը, սակայն ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցությունը կնվազի 1 տոկոսային կետով:  Նրանց կարծիքով՝ 2016թ. պետական բյուջեով հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության այլ խոշոր փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ կառավարությունը ձեռնամուխ է եղել միասնական հարկային օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի պատրաստմանը և այն Ազգային ժողովին ներկայացնելուն:

«2015թ. կառավարությունը հարկաբյուջետային խթաններ ներդրեց՝ աջակցելու թուլացող տնտեսական գործունեությանը, մեծացնելով բյուջեի դեֆիցիտը: Խթանները ներառում էին հարկային արտոնություններ, ենթակառուցվածք ներին, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացում և սուբսիդավորվող վարկավորում »,- նշված է ՀԲ տեղեկագրում: Բանկի փորձագետների համաձայն՝ արդյունքում ձևավորված հակաբյուջետային դեֆիցիտը, որը կազմել է ՀՆԱ- ի 4%-ը (2% 2014թ .-ին), հիմնականում ֆինանսավորվել է արտաքին պարտքի միջոցով, այդ թվում՝ եվրոբոնդեր և բյուջետային աջակցություն ԵԱՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից և Համաշխարհային բանկից, ինչն էլ հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի 48% մակարդակի:

Share