Բաժին. Տնտեսական

Վերլուծաբանները կանխատեսում են՝ առաջիկա տարիներին նավթի գների զգալի աճ չի լինի

Արդեն երկրորդ տարին անընդմեջ նավթի միջազգային շուկայում դիտարկվում է գների շարունակական անկման միտում: Վերջին 1.5 տարվա ընթացքում, 2014 թվականի առաջին կեսի համեմատ, նավթի գները նվազել են շուրջ 70%-ով: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված զեկույցում՝ նավթի գների նվազման գլխավոր գործոնը, որ նպաստել է գների նման ընթացքին, նավթի համաշխարհային առաջարկի ծավալների զգալի ավելացումն է:

Նոր հորատող սարքավորումների շահագործման և թերթաքարային նավթի արդյունահանման տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ԱՄՆ նավթի արտադրությունում, 2009 թվականից սկսած, ծավալների էական աճ է արձանագրվում: Այս պայմաններում ԱՄՆ-ն իր արտադրության ծավալներով արդեն 2014 թվականին մոտեցավ նավթի միջազգային շուկայում առաջատար նավթարդյունահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային և Ռուսաստանին, ինչով խախտեց համաշխարհային էներգետիկ շուկայում ուժերի բաշխման հավասարակշռությունը, ինչպես նաև հանգեցրեց շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհավասարակշռության և հետևաբար՝ նավթի գների անկման:

Մյուս կողմից՝ գների ավելի խոր անկմանը նպաստեց նաև համաշխարհային թույլ պահանջարկը, որտեղ նշանակալի էր հատկապես Չինաստանի՝ որպես խոշոր նավթ ներմուծող երկրի տնտեսության դանդաղման ազդեցությունը: Նման իրավիճակում, սակայն, ՕՊԵԿ անդամ երկրները շուկայում առաջարկի ծավալները կրճատելու փոխարեն իրենց հերթին ավելացրին արդյունահանման ծավալները՝ նավթի միջազգային շուկայում դիրքերը չկորցնելու նպատակով: Այդ հանգամանքը էլ ավելի խորացրեց շուկայական անհավասարակշռությունը և լրացուցիչ գնանկումային ճնշումներ առաջացրեց:

ԿԲ վերլուծաբանների դիտարկմամբ՝ 2015 թվականին նավթի գների նվազմանը որոշակիորեն նպաստեցին նաև ԱՄՆ դրամավարկային քաղաքականությունն ու դրա ներքո ԱՄՆ դոլարի արժևորումը, ինչը դոլարով գնանշվող նավթը ներկրող երկրների համար դարձնում էր ոչ մատչելի և նպաստում նավթամթերքների նկատմամբ պահանջարկի նվազմանը: 2016 թվականին սկզբին հանվեցին նաև Իրանի նավթի արտահանման հետ կապված Արևմուտքի պատժամիջոցները, և Իրանը կարողացավ մուտք գործել նավթի համաշխարհային շուկա, ինչով ևս նպաստեց շուկայում առաջարկի ավելացմանը: 2016 թվականի հունվարից պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աշխատում է վերականգնել իր արդյունահանումը և պլանավորվում է 2016 թվականին ավելացնել արդյունահանման և արտահանման ծավալները 1 մլն բարել/օր չափով: Հատկանաշական է, որ Իրանի՝ շուկա մուտք գործելու մասին տեղեկատվությունը դեռևս 2015 թվականի շուկայական սպասումների շղթայով արդեն նպաստել էր նավթի գների նվազմանը:

Դատելով նավթ արդյունահանող երկրների և կազմակերպությունների սահմանային ծախսերից և անվնասաբերության շեմերի գնահատականներից՝ կարելի է նշել, որ նավթի գները, ամենայն հավանականությամբ, այժմ արդեն մոտ են իրենց ստորին սահմանին: Այնուամենայնիվ, նավթի գների զգալի աճ առաջիկա տարիներին չի ակնկալվում:

Բոլոր միջազգային վերլուծական կազմակերպությունները նվազեցրել են 2016 թվականի նավթի գների վերաբերյալ իրենց կանխատեսումները: Մասնավորապես, համաձայն Morgan Stanley-ի կանխատեսումների՝ 2016 թվականին Brent տեսակի հում նավթի միջին գինը կկազմի 49 դոլար/բարել, իսկ 2017 թվականի սկզբին կհասնի 59 դոլար/բարել ցուցանիշին: Ըստ Barclays-ի գնահատականների՝ 2016 թվականին նավթի միջին արժեքը կլինի 37 դոլար/բարել, իսկ 2017 թվականին՝  43 դոլար/բարել: Citigroup-ը 2016 թվականի համար նավթի գները գնահատում է միջինում 40 դոլար/բարել, իսկ մինչև տարեվերջ գների աճ՝ մինչև 52 դոլար/բարել:

ԿԲ զեկույցի մեջ նշվում է, որ կարճաժամկետ հատվածում նավթի գների զարգացումների առումով առկա են մի շարք ռիսկեր: Մասնավորապես, ԱՄՆ դոլարի հնարավոր արժեզրկումը նավթի գների աճի ռիսկեր է պարունակում: Իրանի` շուկա հանած նավթի իրական ծավալների վերաբերյալ անորոշությունները, ինչպես նաև ԱՄՆ արդյունահանման ծավալների հավանական կրճատումը նույնպես ռիսկ են պարունակում նավթի առաջարկի փոփոխության անորոշությունների և միջազգային գների համար: Նավթի պահանջարկի և սպառման հետ կապված ռիսկերը հիմնականում հանգում են Չինաստանի տնտեսության աճի՝ սպասվածից ավելի դանդաղմանը:

Share