Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի  ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր  «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը:

«Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում  դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարն առաջին հերթին կարևորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն  գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե’ մթերող կազմակերպությունների և թե’ տնտեսվարող սուբյեկտների համար։

Միաժամանակ Սերգո Կարապետյանը ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու  դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում:

Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը:

Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձևավորվել է շուրջ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են   կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն համագործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ընթացիկ տարվա կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձևը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը և վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձևն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ և առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի  գտնել այդ հարցերի լուծման ուղիները:

Share