Բաժին. Տնտեսական

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական և համատեղ ընկերություններ, ադյունավետ փոխգործակցություն է ծավալվել մասնավրապես ոչխարաբուծության և ոչխարի մսի արտահանման ոլորտում. մեր երկրում վերջին շրջանում բացվել են մի քանի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Սակայն երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում, և այս առումով հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում կապերի խորացման ու ընդլայնման համար` նախարարը մատնանշել է այն ոլորտները, որոնցում կարելի է ծավալել հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես անասնապահության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, վերամշակման և ձկնաբուծության ճյուղերը, այդ թվում` հատուկ կարևորել է Հայաստանում խեցգետնի արտադրության կազմակերպումը` արտադրանքը տեղում իրացնելու և ԵՏՄ մյուս երկրներ արտահանելու հեռանկարով: Իրանական կողմն առաջարկել է քննարկել նաև շերամաբուծության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը: Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է համատեղ ուսումնասիրել առաջարկությունն իրագործելու հնարավորությունները:  

Համառոտ ներկայացնելով Գիլան նահանգի գյուղատնտեսության ներկա վիճակը` Մոհամմադալի Նաջաֆին իր հերթին շեշտել է, որ այն առանձնանում է հատկապես բարձրակարգ բրնձի, թեյի, ձիթապտղի և ձկնաբուծական արտադրանքով: Համոզմունք հայտնելով, որ այդ արտադրանքը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում` նահանգապետը նշել է, որ Հայաստանը կարող է հարմար հարթակ հանդիսանալ արտահանումների կազմակերպման համար:

Երկկողմ համագործակցությունն ավելի շոշափելի դարձնելու նպատակով նահանգապետը առաջարկել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ագրարային ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները: Ողջունելով այդ առաջարկը` նախարարը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապը կդրվի առավել ամուր հիմքերի վրա և կլինի փոխշահավետ ու արգասաբեր:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Share