Բաժին. Տնտեսական

Էներգետիկայի նորանշանակ նախարարը դժվարանում է այժմ խոսել «Նաիրիտ»-ի վերագործարկման հեռանկարների մասին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը դժվարանում է այժմ խոսել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրեց, որ բանակցություններ են տարվում ռուսաստանյան «ՌոստեխԱէրոԿոմպոզիտ» ընկերությա ն հետ: «Առաջարկները կստանանք, ապա հեռանկարների մասին կխոսենք: Մինչ ապրիլի 1-ը սպասում ենք առաջարկներին, բանակցությունները գնում են վերագործարկման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Հարցին՝ հայկական, թե ռուսական կողմն է «Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ բանակցությունների նախաձեռնողը՝ Յոլյանն ասաց. «Ծագումնաբանական իմաստով դժվարանում եմ ասել»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։ Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

Share