Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին Հայաստանում բնակչության միջին աշխատավարձը կազմել է 177 հազար դրամ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ՝ ներկայացնելով ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր երկրի գրանցած հիմնական տնտեսական ցուցանիշները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 177,67 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է շուրջ 2.5%-ով:

Հարկ է նշել, որ հունվար-փետրվարին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 154,74 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 209,94 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա առաջին երկու ամսվա համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերը պահպանվել են գրեթե նույն մակարդակում: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է մոտ 5%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 184,44 հազար ՀՀ դրամ: 2014 թվականին նույն ցուցանիշը կազմել էր 171,12 հազար ՀՀ դրամ:

Share