Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարություն․ քննարկում` Ներդրումային քաղաքականության օրենսդրական բարեփոխումների շուրջ

Մարտի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ կայացել է քննարկում Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի և «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են գերատեսչության պատասխանատուները, Համաշխարհային բանկի խմբի փորձագետներ, հանրային ու գործարար հատվածի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ օրս  կատարված աշխատանքի համար` ակնկալելով կողմերի նպատակաուղղվածությունն իրականացնելու բաց և արդյունավետ քննարկում ներկայացված նախագծի շուրջ:

Քննարկման մասնակիցներին ներկայացվել է ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը, անդրադարձ է արվել օտարերկրյա ներդրումները  կարգավորող օրենսդրության բնագավառում առաջադեմ միջազգային փորձին, ինչպես նաև ուրվագծվել է հարցերի այն շրջանակը, որոնք պահանջում են ավելի լայն քննարկումներ:

Քննարկման ընթացքում թե գերատեսչությունների, թե գործարար հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են որոշակի հարցեր և ներկայացվել առաջարկություններ, որոնց քննարկումները կշարունակվեն ինչպես  աշխատանքային խմբի շրջանակներում, այնպես էլ հանրային և գործարար հատվածի առավել լայն շրջանակների ընդգրկմամբ նախատեսվող հանդիպումների ընթացքում:

Share