Բաժին. Տնտեսական

Կառավարությունը կրճատում է ծառայողական ավտոմեքենաների թիվը

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է. «Սա առաջին քայլն է, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարության կատարման, որ մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի: Այսօր արդեն Ձեր հանձնարարականը կուղարկվի նաև բոլոր մարմիններին, որպեսզի քայլ առ քայլ մենք կրճատենք առկա մեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլն, ինչպես արդեն նշեցի, դա չօգտագործվող մեքենաների օտարումն է, սակայն դրանից հետո գնալու է մեքենաների կրճատման և օպտիմալացման խնդիրը»:

Share