Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն․ հերթական աջակցությունը բինզնեսին՝ կստեղծվի մոտ 650 աշխատատեղ

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ըստ հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս»-ը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգակասկադ, արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Դրա համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 80, 2017թ.՝ 85 և 2018թ.՝ 90 հազար դրամ:

Գործադիրի որոշմամբ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Մեկ այլ որոշմամբ էլ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: «Սևան Ակվա»-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարվա ընթացքում կաճեցվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: 2016թ. Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան շուրջ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի շուրջ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան, ձկան վերամշակման գործարան և լճում տեղակայվող տնտեսություններ:

Գործադիրի որոշմամբ «Բագեզյան» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ըստ հիմնավորման՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ազատ տնտեսական գոտիների գործունեություն վերաբերյալ. «Այս պահի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներում՝ «Ալյանս»-ում և «Մերիդիան»-ում, ընդհանուր առմամբ կան շահագործող 10 կազմակերպություններ, որոնց ներդրումների ծավալը 101,2 մլն ԱՄՆ դոլար է լինելու և ստեղծվելու է շուրջ 450 աշխատատեղ»:

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կարողությունների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարության ղեկավարը տրանսպորտի և կապի նախարարության ուշադրությունը հրավիրել է Գորիս-Կապան ճանապարհի վատ վիճակի վրա՝ հորդորելով նախարարության մրցույթներից տնտեսած գումարներն ուղղել ճանապարհի վերանորոգմանը և շինաշխատանքներն արագ ավարտին հասցնել:

Share