Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ․ ԱրմենՏելը, Օրանժ Արմենիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացվեցին

ՏՄՊՊՀ-ն թեժ գծի միջոցով հաճախ ստանում է ահազանգեր կապի ոլորտում գործող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Վերջինները իրենց կողմից հեռարձակվող գովազդներում ոչ միշտ են բաժանորդներին տրամադրում ամբողջական և մատչելի տեղեկատվություն: Հատկապես խնդրահարույց են այնպիսի դեպքերը, երբ գովազդում տեսանելի և հնչեղ կերպով ներկայացվում է որևէ նորամուծություն, իսկ ոչ պակաս կարևոր, հաճախ նույնիսկ ավելի առաջնային տեղեկատվությունը նշվում է շատ փոքր, ոչ ընթեռնելի տառատեսակով: Կապի օպերատորների այս վարքագիծը հաճախ մոլորեցնում է բաժանորդներին, ովքեր հնարավորություն չեն ունենում մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ստանալու գովազդվող այս կամ այն ապրանքի կամ ծառայության  վերաբերյալ և որոշակի՝ առավելապես ֆինանսական  խնդիրների բախվելուց հետո նոր միայն տեղեկանում են պայմանների մասին: Իսկ օպերատորներն էլ արդարանում են, որ այդ մասին նշված է եղել գովազդային հոլովակներում կամ տեղեկատվական թերթիկներում: Նշենք, որ իրավական առումով այս խնդիրը լիարժեք կարգավորված չէ,  օրենքը տնտեսվարողին պարտադրում է տրամադրել ամբողջական տեղեկատվություն, սակայն չի սահմանում գովազդում առկա արտահայտությունների ներկայացման չափանիշները՝ տառաչափը, ընթեռնելիությունը, տևողությունը և այլն: Նկատի ունենալով բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ՏՄՊՊՀ-ը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների առաջարկով որպեսզի հստակ կարգավորվի վերոնշյալ խնդիրը՝ սպառողներին հնարավորություն տալով լիարժեք կերպով տեղեկանալու առաջարկվող ծառայության կամ ապրանքի ձեռքբերման  պայմանների մասին:

Share