Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ

Ապրիլի 1-ին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և դեսպանության տնտեսական և կոմերցիոն հարցերով խորհրդական Շիցայ Վանին:

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ Հասմիկ Սարգսյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, նշելով, որ արձանագրայինից բացի, սա նաև լավ հնարավորություն է գործնականում խոսելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին:

Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը  բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը, նախարարության հետ իրականացվող աշխատանքները` կարևորելով Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, նաև նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի դրանց արդյունավետ իրականացման համար:

Անդրադառնալով 2015 թվականի դեկտեմբերին Պեկինում կայացած առևտրատնտեսական հարցերով հայ-չինական հանձնաժողովի աշխատանքներին, նախարարը նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարար նախագծերի իրականացման ուղղությամբ և ժամանակն է դրանք կյանքի կոչելու: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը, շինանյութերի արտադրության կազմակերպմանը, հայ-չինական համատեղ ընկերությունների ստեղծմանը: Դրանց իրականացման համար դեսպան Թիան Էրլունը նշել է նաև պետության պատրաստակամությունը` աջակցելու մասնավոր հատվածի ներգրավմանն այդ աշխատանքներին:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը ծրագրերի իրականացման արդյունավետության համար  Հայաստանում   չինարեն լեզվի ուսուցման կարևորությանը, դեսպանը հայտնել է, որ արդեն հունիսին կմեկնարկի չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ կա մեծ ներուժ այս ոլորտը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Չինացիներին Հայաստանն ավելի ճանաչելի ու մեր երկրի գրավչությունն առավել հասանելի դարձնելու համար, էկոնոմիկայի նախարարը նշել է զբոսաշրջության ոլորտի չինական լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանաչողական այցի անհրաժեշտությունը մեր երկիր:

Իր հերթին դեսպան Էրլունը տեղեկացնել է Արծվիկ Մինասյանին ընթացիկ տարվա մայիսի կեսերին Չինաստանում կայանալիք տուրիզմի հարցերով խոշոր միջազգային կոնֆերանսի մասին` հավելելով, որ  չինական կողմը ուրախ  կլինի այդ միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին որպես պատվավոր հյուր տեսնելու:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են բոլոր ուղղություններով հայ-չինական համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Share