Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյան․ Գերմանիան Հայաստանի երկրորդ, ԵՄ երկրների շարքում առաջին առևտրային գործընկերն է

Գերմանիան Հայաստանի երկրորդ, ԵՄ երկրների շարքում առաջին առևտրային գործընկերն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել  Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլերին Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար: Դա կենսական է մեզ համար որպես եվրոպական արժեհամակարգի կրող ժողովուրդ: Գերմանիան Հայաստանի երկրորդ, ԵՄ երկրների շարքում առաջին առևտրային գործընկերն է: Օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին: Պատրաստ ենք Հայաստանում հյուրընկալել գերմանացի գործարարներին: Օգտվելով առիթից` պետք է նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, դա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից  ցուցաբերված հետևողական օժանդակությունը»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը կանի հնարավորն, ի նպաստ երկու  ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի ղեկավարության հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Share