Ներկայում Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում գործում է 450 ընկերություն,որոնք միջինում ապահովում են տարեկան 10% աճ: Այս ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (գրեթե 88%-ը): Տեղական ընկերությունների մասնաբաժինը նշված 450 ընկերությունների մեջ կազմում է 64%:
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ միայն 2015 թվականին մեր երկրում հիմնվել է 70 նոր ՏՀՏ ընկերություն, որոնցում ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ:
2005-2015թթ. միջին տարեկան հաշվով Հայաստանում հիմնվել է մոտ 30 ՏՀՏ ընկերություն:
Հայաստանյան ՏՀՏ ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են` ներկառուցված ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը, ծրագրային ապահովման պատվերները և արտապատվիրումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիային նախագծումը, վեբ ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերը և համակարգերի ինտեգրումը: Հայաստանը լուրջ նվաճումներով առանձնանում է հատկապես կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի և դրանց հարակից մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման բնագավառում: