Բաժին. Տնտեսական

Նախարար. Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ փոխգործակցության զարգացումը

Ապրիլի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրել է Երևան իր այցելության նպատակները և Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։

Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր են փոխանակել Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։ 

Share