Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյան․ Հայաստանի տնտեսական զարգացմանը սպառնացող թուրքական ապրանքների մասով ուսումնասիրություններ են կատարվում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը  ուսումնասիրություններ է կատարում թուրքական  այն ապրանքների մասով, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը թե որակի, թե տնտեսության զարգացման առումով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցին: «Հասկանալի է, որ հայ-թուրքական տնտեսական  հարաբերություններն ուղղակիորեն ածանցվում են քաղաքական հարաբերություններին, ուստի այդ շրջանակներում մենք պետք է ներկայացնենք միասնական փաթեթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: «Սակայն Թուրքիան կատարել է վերապահում, որով չի ճանաչում և չի հարաբերվելու Հայաստանի հետ՝ իբրև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Դա նշանակում է, որ մենք իրավունք ունենք այս ուղղությամբ  կիրառելու այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը»,- ասաց Մինասյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն ունի գործիքակազմ ԵԱՏՄ շրջանակներում, որոնք թույլ են տալիս առանձին ապրանքատեսակների մասով իրականացնել առանձին  գործողություններ, որոնք անհրաժեշտ են շուկայի պաշտպանության տեսանկյունից:  «Սակայն այդ քայլերը պետք է ճիշտ հաշվարկվեն, որպեսզի պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի: Այսինքն, մեր տնտեսական անվտանգությունը, տնտեսական զարգացումը  և սոցիալական բաղադրիչը մենք պետք է համատեղենք, որպեսզի ունենանք արդյունավետ մեխանիզմ»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ վարչապետի հանձնարարականով նախարարությունն առաջիկայում կներկայացնի նշված խնդիրները կարգավորող մեկ միասնական փաթեթ:

Share