Բաժին. Տնտեսական

10 մլն եվրո՝ էներգետիկ նոր հզորությունների կառուցմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրին: Ֆինանսական օժանդակության ողջ գումարն օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի («ԲԼՀՀ») փոխակերպիչ կայանի (ՓԿ), ինչպես նաև Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220կՎ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծրագրի շրջանակում սեկտորի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համար:

Կառավարության որոշմամբ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիր» ընկերությանը տրվել է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը և շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մատակարարումները: Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24 ամսում: Այն հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

Share