Բաժին. Տնտեսական

Կայացել է «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» ծրագրի համակարգող խորհրդի 1-ին նիստը

Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը` ԵՄ պատվիրակության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ներկայցուցիչների մասնակցությամբ: Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է ընդլայնել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները` բարելավելով բիզնես և ներդրումային միջավայրը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար:

Ծրագրի հատուկ նպատակներից է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կարողությունների զարգացմանը` Հայաստանի ՓՄՁ զարգացման 2016-2018թթ. ռազմավարության իրականացումն ապահովելու համար:

Ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը` ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (COSME) ծրագրին մասնակցելու համար:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում առաջիկա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքները, քննարկվել մի շարք օրակարգային հարցեր:

Share