Բաժին. Տնտեսական

Որքա՞ն է կազմում Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը

2016 թվականի առաջին եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով, կազմել է 55 հազար 075.3 դրամ՝ ամսական կտրվածքով, և 660 հազար 903.7 դրամ՝ տարեկան կտրվածքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31 հազար 116.0 դրամ՝ ամսական կտրվածքով, և 373 հազար 391.9 դրամ՝ տարեկան կտրվածքով:

Նշենք, որ սպառողական զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է:

Հարկ է նշել, ոչ այս ցուցանիշները հաշվարկել են Ազգային վիճակագրական ծառայության վերլուծաբանները՝ հիմք վերցնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի վերաբերյալ տվյալները: Մասնավորապես, պարենային զամբյուղի համար դիտարկվել է, թե մեկ չափահաս մարդուն ամսական նվազագույնը որքան սնունդ է հարկավոր, իսկ սպառողական զամբյուղի արժեքը գնահատելու համար պարենային զամբյուղի ցուցանիշը բազմապատկվել է 1.77 գործակցով (հիմք է ընդունվել այն դիտարկումը, որ հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար նվազագույնն անհրաժեշտ է սննդամթերքի վրա ծախսվող գումարի 77%-ը):

Share