Բաժին. Տնտեսական

ՀՀ օդային ուղևորափոխադրումներն ավելացել են

Հայաստանի օդային ուղևորափոխադրումների հոսքն ավելացել է, և շատ ավիաընկերություններ իրենց չվերթների հաճախականությունը փորձում են համապաստախանեցնել ուղևորների քանակին: Մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: Նրա խոսքով` քաղաքականությունն այնպիսին է, որ որոշ ընկերություններ մուտք են գործում հայկական շուկա, որոշները` հեռանում: Բայց տեսակետը, թե ավելի շատ ընկերություններ գնում են, քան գալիս, իրականությանը չի համապատասխանում: «Մենք ունենք ավելի շատ ընկերություններ, որ եկել են: Մեր հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ավելի շատ ընկերություններ ունենք, որոնք չվերթներ են կազմակերպում դեպի Ռուսաստան: Տոմսի արժեքն էլ ավելի էժան է, քան 2 տարի առաջ: Յուրաքանչյուրն օգտվում է այդ ցածր գներից, բայց որևէ մեկը դրա մասին չի նշում: Դուք միշտ ներկայացնում եք խնդիրները, բայց չեք ասում, որ տոմսերի գները նվազել են ներկայում: Մենք ունենք ուկրաինական ավիաընկերությո ւն, որն էլ դեպի Եվրոպա թռչելու շատ էժան հնարավորություն է տալիս` ամենօրյա չվերթներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մարսելո Վենդեն: Ինչ վերաբերում է դեպի Հռոմ կանոնավոր չվերթներին, որի մասին խոսվում է նախորդ տարվա վերջից, Մարսելո Վենդեն որևէ նորություն չհայտնեց` միայն նշելով, որ հուլիսին և օգոստոսին կլինեն չարթերային չվերթներ այդ ուղղությամբ:

Դիտարկմանն ի պատասխան, որ որոշ օդային փոխադրողներ դժգոհում են «Զվարթնոց» օդանավակայանի կողմից առաջարկվող ծառայությունների թանկ գներից, իսկ հարևան Վրաստանից թռիչքներն ավելի մատչելի են, Մարսելո Վենդեն նկատեց, որ դա ավիաընկերությունների կողմից կիրառվող գործիք է բոլոր երկրներում էլ: «Եթե դուք հարցնեք Վրաստանում, նույն պատասախանը կստանաք, որ ավիաընկերությունները պարբերաբար բողոքում են, որպեսզի ստանան ավելի ցածր գներ: Ամեն դեպքում մեր ծրագրերը վերահսկվում են ՀՀ կառավարության կողմից, ու մենք ապացուցել ենք, որ Հայաստանի օդանավակայանն ավելի էժան ծառայություններ է մատուցում, քան Ադրբեջանում, Վրաստանում: Մենք պարբերաբար ներկայացրել ենք, որ տոմսերի գները որոշ ուղղություններով ավելի էժան են, քան այլ երկրներից, այդ թվում` Վրաստանից»,-նշեց «Զվարթնոց»-ի գլխավոր մենեջերը: Մարսելո Վենդեի խոսքով` Վրաստանում գոյություն ունի թուրքական ընկերությունների մեծ քանակ, որոնք կիրառում են հատուկ սակագներ` նվազեցնելով տոմսերի արժեքը: «Ցավոք սրտի, մենք չենք կարող ունենալ այդ ընկերությունները մեզ մոտ»,-ավելացրեց նա:

Share